Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված պաշտոնական նամակում բարձր է գնահատել Պաշտպանի աշխատակազմի գործունեությունը։
Նա հատկապես կարևորել է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներով հատուկ կարծիքներ (amicus curiae) ներկայացնելու և նորմատիվ իրավական ակտերի նախագծեր մշակելու Պաշտպանի պրակտիկան՝ շեշտելով, որ դա ամբողջությամբ բխում է Եվրոպայի խորհրդի առաջնահերթություններից, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային երկրի իրավական համակարգի առավել համապատասխանեցմանն ուղղված սուբսիդիարության սկզբունքից:
ՄԻԵԴ-ի նախագահը նաև ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները ճանաչվում են կարևոր աղբյուր, որոնց վրա հղումներ են կատարվում Հայաստանին վերաբերող վճիռների մեջ։
Հիշեցնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարանի հետ համագործակցության արդյունքում մարդու իրավունքներին առնչվող դիմումներով հատուկ կարծիքներ է ներկայացնում։ Բացի այդ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո աշխատակազմում մշակվում և շրջանառության են ներկայացվում իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են երկրում մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը:
Այս գործառույթի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերն իրականացրել են Սահմանադրական դատարանի որոշումների կատարմանն ուղղված օրենքների նախագծեր։ Դրանք արդեն պաշտոնապես ուղարկվել են կարծիքի ինչպես իրավասու պետական մարմիններին, այնպես էլ իրավապաշտպան կազմակերպություններին ու Փաստաբանների պալատ:
Մամուլի հաղորդագրություն