Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ ուր կորավ վթարային ծառայության մասնագետը

Փետրվար 26,2018 13:02

Դեպքերը տարբեր են, մարդիկ` անտարբեր: Մի պատմությունը սկսվում է մեծ հույսերով, ավարտվում է ողբերգական վերջաբանով, իսկ մյուսի ահասարսուռ նախաբանը վերածվում է զավեշտալի վերջաբանի: Թերանում են մասնագետներն իրենց գործում, սակայն ոմանց թերացումը` մարդու համար երբեմն կյանք է արժենում:

Առողջությունը փորձառու բժշկին վստահած անձը` ապաքինվելու փոխարեն, մահվան դուռն է հասնում` սխալ ախտորոշում, ազատազրկված անձը, տարիներ շարունակ պատիժը կրելուց հետո, արդարացվում է` իրական հանցագործն է հայտնաբերվել,…

Մեր իրականության մեջ պատահող անպատասխանատու և անպատիժ, կամ էլ չափից դուրս պատասխանատու ու սխալմամբ պատժված մարդկանցից ու հազար ու մի անհեթեթ ու արտասովոր իրադարձություններից հեռու մնալն անխուսափելի է:

Այս դեպքը, որի մասին գրելու եմ, չգիտեմ՝ այն զավեշտի վերածեմ, թե՞ այնուամենայնիվ պատասխանատվություն պահանջեմ:

2018թ. հունվարի 28-ին, ժամը 19:30-ի սահմաններում տանը տարածված գազի սուր հոտի առկայության պատճառով ահազանգեցի 104 գազի վթարային ծառայություն: Աշխատակիցը, որին ներկայացնում էի իրավիճակը`նախ ցուցումներ տվեց «անջատեք լույսը, բացեք օդափեղկը,…», այնուհետև ավելացրեց «մինչև մասնագետը մոտենա»: Հունվար ամսին բաց օդափեղկով մեկ ու կես ժամ սպասում եմ մասնագետին, չկա ու չկա: Կրկին հավաքում եմ` 104 արդեն ձայնիս խիստ երանգով փորձում եմ ճշտել` միթե մոռացել են, քանի որ երկու անգամ կրկնել եմ հասցեն: Հեռախոսավարը բավական համբերատար պատասխանում է. «Մի անհանգստացեք, խնդիրը մեզ մոտից է, հոտատվությունը չափից շատ ենք տվել, մոտ երկու ժամից հոտը կանցնի, մասնագետները ծանրաբեռնված աշխատում են, սկզբում Զեյթունից էին ահազանգում, հետո Ավանից, իսկ հիմա էլ հոտը իջնում է Կենտրոն: Սպասեք՝ մինչև ձեզ մոտենան»:

Ինչպես կարող եմ չանհանգստանալ, եթե բնակիչը չի օգտագործում գազ, և այնուամենայնիվ, հոտը տարածվել է բնակարանում` նշանակում է որևէ հատվածից գազի արտահոսք կա, իսկ եթե կա արտահոսք և չափից շատ հոտատվության պարագայում այն զգացնել տվեց, ապա մասնագետի այցը պարտադիր է, եթե նույնիսկ երկու ժամից սուր հոտն անցնի:

Մի խոսքով , տանը` լույսը անջատած, բաց օդափեղկով, բաճկոնը հագիս սպասում եմ մասնագետին մինչև ժամը 24:00: Երբ պետք է գա, ուր կորավ գազի վթարային ծառայության մասնագետը, գուցե հոգնած էր գնաց տուն, կամ գուցե գազի հոտից «արբած» մի փոս ընկավ,… Անցան օրեր, նույնիսկ շաբաթներ:

Մի քանի օր առաջ, բայց ոչ ավելի, քան մեկ շաբաթ, առավոտյան շտապում եմ տանից դուրս գալ և հանկարծ լսվում է դռան թակոցը` գազի սպասարկման ծառայության մասնագետն է: Հերթական ստուգումների ժամանակն է: Ստուգման ընթացքում պարզվեց, որ գազի խողովակներից մեկից գազի արտահոսք կա` ճիշտ է ոչ մեծ քանակությամբ, բայց իրավիճակն այնպիսին է, որ կամ պետք է շտապ խնդիրը լուծել, կամ գազն անջատել ու պլոմբել: Արձանագրություն կազմեց, իրավիճակին լուծում տրվեց:

Մեծ շնորհակալությամբ նշեմ, որ սպասարկման մասնագետն իր պարտականությունը կատարեց բարեխղճորեն և ապշած մնաց, երբ իմացավ, որ դեռևս տասնհինգ օր առաջ ահազանգել եմ 104:

Իսկ ուր կորավ վթարային ծառայության մասնագետը:

Նարա ԽԱՐԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728