«Ես գիտակցում եմ, որ իմ երեխային կարող է հիվանդություն սպառնալ, բոլոր դեպքերում, գիտակցված հրաժարվում եմ». երեկ «Նորք» ինֆեկցոն հիվանդանոցում «կապույտ հազ» ախտորոշմամբ մահացած փոքրիկի ծնողը այսպիսի գրավոր համաձայնություն է տվել եւ հրաժարվել երեխայի պատվաստումից: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Թե ինչո՞ւ է մայրը հրաժարվել երեխայի պատվաստումից, ինչպես Սահակյանն ասաց՝ դեռ չեն պարզել, քանի որ էթիկապես ճիշտ չէ հիմա ծնողներին հարցուփորձ անելը:
«Բայց տան բոլոր երեխաները հիվանդացել են «կապույտ հազով», ուղղակի նորածինները վարակվել են իրենց 2 տարեկան քրոջից, որի պատվաստումից ծնողները հրաժարվել էին»: Մահացած փոքրիկի եղբայրն էլ (նրանք զույգեր էին) նույն վարակով հիմա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում է: Հիվանդանոցի ղեկավար Արա Ասոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մյուս փոքրիկը հավանաբար վաղը դուրս կգրվի հիվանդանոցից. «Չեմ կարող ասել, որ նորմալ է նրա վիճակը, բայց ծայրահեղ ծանր չէ»: Ծնողի հրաժարվելու պատճառն Ասոյանը չբացահայտեց, ասաց՝ չգիտի: Սովորաբար պատվաստումներից հրաժարվում են որեւէ աղանդի հարող մարդիկ: «Չէ, նման բան չեմ նկատել, նորմալ մարդիկ են, չգիտեմ, թե ինչո՞ւ են հրաժարվել: Բայց, գիտեք, սովորաբար նման դեպքերում հակառակն է լինում՝ տղաների դիմադրողականությունն ավելի թույլ է լինում, ծանր են տանում, բայց այս զույգի դեպքում աղջիկը մահացավ»,- ասաց Ասոյանը:
Գայանե Սահակյանն էլ ասաց, որ երեխայի ծնողը եթե նույնիսկ ժամանակին հոսպիտալացներ, նման բան չէր լինի. «Մայրը, գիտե՞ք, քանի անգամ է հրաժարվել հոսպիտալացումից: Հետո մանկաբույժն է բարկացել ու ստիպել երեխային տանեն հիվանդանոց: 2 անգամ բժիշկը հորդորել է շտապ տանել հիվանդանոց երեխային, ծնողները հրաժարվել են: Վերջին անգամ բժիշկը զայրացել է ու ասել՝ դուք երեխայի կյանքին սպառնում եք, այս երեխան պետք է հոսպիտալացվի, նոր ստիպել է, որ ինֆեկցիոն տանեն, մի կերպ է համոզել»:
Տիկին Սահակյանն ասաց, որ պատվաստումներից հրաժարվող ծնողների թիվը գնալով ավելանում է, ամեն մեկը տարբեր պատճառաբանություններ է բերում. մեկն ասում է՝ ես բուսակեր եմ, իմ երեխային բնական մթերքներով կպաշտպանեմ, մյուսն ասում է՝ իմ հավատը կփրկի երեխայիս, ու, ցավոք, ծանր դեպքերով են ավարտվում:
Ըստ առողջապահության նախարարության՝ այս տարվա 2 ամսվա տվյալներով՝ «կապույտ հազի» 12 դեպք է գրանցվել, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընդամենը 3 դեպք է գրանցվել: «Կապույտ հազի» 12 դեպքից 8-ը չպատվաստված երեխաներ են, իսկ 2-ը` թերի պատվաստված:
Սահակյանի խոսքերով՝ «Այս պահին մեր երկրում ակտուալ է «կապույտ հազը», որը պատվաստումով կարելի է կանխարգելել, սակայն ծնողների հրաժարվելու հետեւանքով «կապույտ հազի» աշխուժացում ունենք: Տարիներով մեզ մոտ հրաժարումները քիչ են եղել, ու վերջին երկու տարում հրաժարվողների աճի միտում կա»: Ըստ Սահակյանի՝ պատվաստումներից հրաժարվողների թվի ավելանալուն տարբեր գործոններ են ազդում՝ ե՛ւ հակապատվաստումային հրապարակումները, ե՛ւ ոչ մասնագետների կոչերը: Սահակյանը մատնանշեց նաեւ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու դեպքերը եւ ասաց՝ այսօր բնակչության հետ աշխատելու ժամանակ նկատում են՝ ոչ մասնագետների կոչերից մարդիկ վախեցած են, ու հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստելու տանել:
«Ցավում եմ երեխայի մահվան ու նրա ընտանիքի համար: Բայց խնդրում եմ ծնողներին՝ յուրաքանչյուրը, որը պատվաստելուց հրաժարվելու դիմում է գրում, մի հատ իրեն հարց տա՝ ես իմ երեխայի փոխարեն որոշում եմ կայացնում, սա ճի՞շտ է, իրավունք ունե՞մ իմ երեխային հարվածի տակ դնելու, կյանքը խլելու: Ես կոպիտ բան ասացի, բայց ծնողը պետք է ամենասարսափելին մտածի, որովհետեւ ոչ ոք երաշխավորված չէ հիվանդությունից»:
Արդյոք կա՞ օրենք, որի միջոցով պետությունը կարող է հաշվի չառնել ծնողի հրաժարվելու պայմանը եւ պարտադրի պատվաստել երեխային, եթե դա կյանքի եւ մահվան հարց է, մեր այս հարցին ի պատասխան՝ Սահակյանն ասաց. «Եթե լինի նման օրենք՝ լավ կլինի, բայց չունենք նման օրենք, ու կարծում եմ՝ դրա կարիքը կա: Մեզ մոտ այդ խնդիրն այդքան խնդրահարույց չէ, բայց նոր-նոր ենք հասկանում, թե հրաժարվելն ինչի կարող է բերել: Օրինակ՝ ջրծաղիկի դեպքում ծնողը հրաժարվեց երեխային պատվաստել ու փոքրիկին զոհեց: Բայց, վախենամ, սա շարունակվի: Վրաստանում կարմրուկից մահվան դեպք կա, այնտեղ համաճարակ հայտարարվեց: Մեզ մոտ հիմա նման խնդիր չկա, բայց եթե այս տեմպով շարունակվեն հրաժարումները, որի միտումը կա, 2 կամ 5 տարի հետ նույն Վրաստանի խնդրի առաջ մենք էլ կկանգնենք»:
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ «կապույտ հազի» հարուցիչի ակտիվ շրջանառության պայմաններում գերազանցապես տուժում են մինչեւ 1 տարեկան երեխաները։ Այս հիվանդությանը բնորոշ են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը), որոնք կարող են երեխայի մահվան պատճառ դառնալ։
Մինչդեռ «կապույտ հազը» կարելի է շատ հեշտ կանխարգելել, որի միակ եւ արդյունավետ միջոցը պատվաստումն է:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
24.02.2018