«Կողմերը պետք է անկեղծ ասեն, թե իրենց իրական նպատակները ո՞րն է: Այլապես, ՄԱԿ-ը կարող է մի քանի տասնյակ բանաձեւեր էլ ընդունել, բայց դրանք կմնան անկատար»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով Սիրիայում օրեցօր լարվող իրավիճակի մասին՝ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:
Բանախոսը հիշեցնում է`2017-ի վերջին ՌԴ-ն հայտարարում էր, որ իսլամական պետության մեջքը կոտրեց: Անգամ Սիրիայից զորքերը դուրս բերելու հայտարարություններ եղան: 2018-ի հունվարին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց` մենք ենք կոտրել Իսլամական պետության մեջքը: Իսկ փետրվարը, ըստ բանախոսի, հետաքրքիր էր նրանով, որ ակնհայտ դարձավ`երկու կողմերն էլ Սիրիայում զորք ունեն, բայց պետության անունից չեն խոսում. «Կողմերը դիվանագիտական հայտարարություններ են անում, բայց ուղիղ չեն խոսում: Իրականում լիակատար պատերազմ է, որտեղ զոհերի քանակն արդեն հարյուրներով են չափում»:
Թեւան Պողոսյանի գնահատմամբ, Սիրիան դառնում է մի վայր, որտեղ հումանիտար աղետը հասարակության համար դառնում է անտանելի, երկրներն էլ իրենց ուժերի դրսեւորման նորանոր ձեւերով են հանդես գալիս: Ու այս ամենը կատարվում է Հայաստանից շատ հեռու: Բանախոսը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Դամասկոսում դեռ բավական մեծ համայնք կա. «Պետք է մտածենք այդ համայնքի անվտանգ տեղափոխման մասին, քանի որ կանխատեսել, թե որտե՞ղ կշարունակվեն հետագա ռազմական գործողությունները`դժվար է»:
Հիշեցնենք, մոտ տասն օր առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց Սիրիայում 30-օրյա զինադադար հայտարարելու մասին, բայց ռազմական գործողություները շարունակվում են. ԱՄՆ-ը ՌԴ-ին է մեղադրում, ՌԴ-ն`ԱՄՆ-ին: «ՌԴ-ն ասում է՝ պայքարը կդադարի, բայց դա չի վերաբերում Իսլամական պետության դեմ պայքարին: Ո՞նց է դա տարբերակվելու, մարդիկ իրենց վրա չեն գրում`ԴԱԵՇ»,- զարմանում է Թեւան Պողոսյանը` հավելելով. «Այս տարածաշրջանը դառնում է բախումների մեծ օջախ»:
«Իրականում ԴԱԵՇ-ը չի հաղթահարվել, մենք պետք է ուշադիր լինենք մեր երկրի անվտանգությանն ու սահմաններին»,- ասում է Թեւան Պողոսյանը:
Այլ մանրամասները`տեսանյութում
«Պրոքսի-պատերազմների մի փուլ ենք մտել, որտեղ ոչ միայն տեղեկատվական պայքար է, այլ իսկապես կրակում են»,- ահազանգում է Թեւան Պողոսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ