Լրահոս
Օրվա լրահոսը

«Սումգայիթի դատավարություններին ես մասնակցել եմ» (Ֆոտոշարք)

Փետրվար 26,2018 14:00

Հարցազրույց Ղարաբաղյան շարժման ակտիվիստներից Հրայր Ուլուբաբյանի հետ

Սկիզբը՝ 

– Իգոր Մուրադյանի շրջապատից էին Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, առաջին օրերին հաստատ կային: Օրինակ, Աշոտ Մանուչարյանը, որը Աշոտ Բլեյանի դպրոցի ուսմասվարն էր, դպրոցի կոլեկտիվով շաբաթ-կիրակի գնացել էին Ծաղկաձոր: Երբ եկան, իրենց համար անսպասելի ու զարմանալի էր. քաղաքը ոտքի էր կանգնած: Դժվարն առաջին օրերն էին, նկատի ունեմ կազմակերպչական աշխատանքները: Առաջին երկու օրվա «դինամիկները», խոսափողները Սամսոն Ղազարյանի ծանոթները տվեցին. համալսարանում պատմության դասախոս կար. Էդիկ Դանիելյանը: Մանուչարյանը, երբ դպրոցի կազմով եկավ, միացավ միտինգավորներին, դպրոցից բերեցին ավելի հզոր միկրոֆոններն ու դինամիկները: Շարժումը նաեւ դաստիարակչական էր, տեղեկատվական: Ժողովուրդն անտեղյակ էր, մարդիկ կային, որ հարցնում էին. «Ինչի, Ղարաբաղը մեր կազմում չի՞», պատմություն չգիտեին: Փաստորեն, կար «Ղարաբաղ կազմկոմիտե»՝ Իգոր Մուրադյանի ստեղծածն էր, եւ «Ղարաբաղ» կոմիտե, որը Վազգեն Մանուկյանի տանը ստեղծված խումբն էր:
Այդ ժամանակ հայտարարվեց, որ Ուլուբաբյան Հրայրն է կազմակերպչական հարցերի համար գումար հավաքելու: Հիշում եմ, հանկարծ մոտեցավ մեկը տոպրակով, թե՝ կալանավայրերից քրեականներն են ուղարկել: Գումար էր: Երկրորդ, թե երրորդ օրը գուցե, քրեական հեղինակություններից մեկը եկավ ելույթ ունեցավ, կոչ արեց «գործընկերներին», որպեսզի որեւէ գողություն չլինի: Եվ իրոք, այդ օրերին գողություններ չկային, այդ մասին միութենական մամուլն անգամ գրեց, գրանցված հանցագործություն չկար: Միմյանց նկատմամբ մարդասիրական, հոգեւոր այնպիսի վերաբերմունք կար, որի մասին այսօր կարող ենք միայն երազել: Տաքսիները, մեքենաները սպասում էին, անվճար տանում մարդկանց իրենց տները, իրենք էլ այդ կերպ էին մասնակցում շարժմանը, էլ չեմ ասում ժողովրդի մասին, որը Օպերայում գիշերողների համար սնունդ էր հասցնում, հագուստ:

– Հրայր, անդրադառնանք սումգայիթյան օրերին:

– Շարժումը երբ սկսվեց, կազմակերպիչների հռչակած սկզբունքները համընկան Գորբաչովի հռչակած «Պերեստրոյկա՝ վերակառուցում, Գլաստնոստ՝ հրապարակայնություն, Դեմոկրատիա՝ ժողովրդավարություն» սկզբունքների հետ: Բայց առաջին հանրահավաքից հետո Կենտրոնը՝ Գորբաչովի գլխավորությամբ, գնահատականներ տվեց, թե ծայրահեղականների, անջատողականների շարժում է: Կենտրոնը ցույց տվեց, որ իրենք վստահելի չեն, «Լենին, պարտիա, Գորբաչովը» լակմուսի նման մի բան էր: Նրանք սկսեցին պաշտպանել ադրբեջանական կողմին, կեղծիքն այդտեղից սկսվեց եւ շարունակվեց: Գագաթնակետը եղավ խաղաղ, սահմանադրական ճանապարհով սկսված շարժմանը Սումգայիթով պատասխանելը:

– Դու զբաղվել ես առաջին իսկ օրերից սումգայիթյան ականատեսների վկայությունները հավաքելով, դեպքերի վերլուծությամբ:

– Ադրբեջանի ղեկավարության բարձր մակարդակով պլանավորված Ցեղասպանությունն իրականացրին չորս օր շարունակ. փետրվարի 26-29-ը: Տարբեր ժամկետներ են նշում, սակայն նշածս ժամանակահատվածում այնտեղ միտինգներ են եղել, առաջին օրերին քաղաքը ոստիկան լցնելու, ժողովրդին արթնացնելու աշխատանք է տարվել, երկրորդ օրն արդեն կոչերից հետո, քաղաքով մեկ բաժանված խմբերով ջարդ է կազմակերպվել, հետո մտնում են հայերի բնակարանները: Չորրորդ օրվա վերջին՝ Մոսկվայի որոշմամբ, պարետային ժամ է մտցվում: Սա այն դեպքում, երբ սովետական բանակն ավելի շուտ էր մտել, բայց սպանությունների ժամանակ չէին օգնել հայ խաղաղ բնակիչներին, ասելով՝ «հրաման չունեն»: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ թե հրաման չունեին միջամտելու, այլ հրաման ունեին չմիջամտելու: Նպատակը՝ հայ ժողովրդին լռեցնելն էր: Մոսկվայի հետ համաձայնեցված էր:

ԼՂԻՄ-ի նստաշրջանը, երբ պետք է լիներ, ազերիները Բագիրովի գլխավորությամբ ամեն ինչ անում էին, որպեսզի այն չկայանար: Շրջկենտրոնները Ստեփանակերտի հետ միացնող փողոցները փակվել էին: Մեր պատգամավորները սարուձորերով գալիս հասնում էին Ստեփանակերտ:

– Հայաստանի ղեկավարությունը մինչ օրս գնահատական տվե՞լ է սումգայիթյան ոճրագործություններին:

– Հայաստանի ղեկավարությունն այդ ժամանակ փորձում էր այդ հարցը փակել, այդ մասին չխոսել: Այդտեղից սկսվեց իմ գործունեությունը:

Մեր երկրի ղեկավարությունը ոչինչ չարեց այդ ոճրագործությունը գնահատելու, ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում, սկսած Կարեն Դեմիրճյանից, Սուրեն Հարությունյանից: 88 թվականի հունիսի 15-ին համագումարների պալատում, որը հիմա Ամերիկյան համալսարանն է, տեղի ունեցավ նստաշրջան: Այդտեղ էին մի շարք հայրենասեր պատգամավորներ՝ Ալեքսան Կիրակոսյան, Ռաֆայել Ղազարյան, Սարգիս Մուրադյան, ովքեր բարձրացրեցին Սումգայիթի հարցը:
Եվ այդ հարցը մթնոլորտը շիկացրեց: Սուրեն Հարությունյանն ամեն ինչ անում էր՝ հարցը փակելու համար: Ռաֆայել Ղազարյանը սիրտը բռնած դուրս եկավ նստաշրջանից, իջավ ժողովրդի մոտ, Բաղրամյանի արձանի մոտ, մոտեցանք իրեն, ասաց՝ «Հրայր, Սումգայիթի հարցը փակում են, մի բան արա»: Եթե հիշում եք, սումգայիթցիներ էին նստացույց անում Ազատության հրապարակում: Գնացի, նրանց հավաքեցի, կոչերով, նկարներով եկանք, զինվորների շղթան կարողացանք «բացել» եւ պահանջեցինք որոշում կայացնել: Սուրեն Հարությունյանը զիջեց ու խղճուկ մի որոշում կայացրեց. «Դատապարտում ենք հայերի նկատմամբ Սումգայիթում իրականացրած ոճրագործությունը»: Սա երեսուն տարվա մեջ միակ որոշումն է պաշտոնապես ձեւակերպված: 1989թ.-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, երբ «Բուտիրկայից» ազատվեցին, եկան Հայաստան, առաջին նստաշրջանում Սուրեն Հարությունյանն առաջարկեց ընդմիջում հայտարարել, փակ նիստ անել ու Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնեց: Կասի երեւի Տեր-Պետրոսյանը, թե ինչու հարցը փակեցին:

– Հիշում եմ, երբ ինքդ «Մոսկվա» հյուրանոց մեր պատգամավորական կորպուսին հասցրել ես ոճրագործության մասին գրքույկներ:

– Սամվել Շահմուրադյանը կոնկրետ գործի մասնագետ էր. հրապարակագիր, լրագրող: Միասին համագործակցում էինք: Նա հանդիպում էր ականատեսներին, զրուցում տուժածների հետ: Իր ժողովածուն ստեղծվեց այդպիսի հարցազրույցներից:
Ինձ համար դժվար էր, ձայնագրություններ էի կատարել, ահռելի արխիվ ունեի: Դիմեցի «Հուշամատյան» կազմակերպության նախագահին՝ Վարդան Մուշեղյանին, տեղակալը Սուրեն Զոլյանն էր: Ասացի՝ բավական նյութեր եմ հավաքել, բայց չեմ հասցնում մշակել, հավաքել, լավ կլինի ասուլիս հրավիրես: Այդ ժամանակ նաեւ Սումգայիթի դատավարություններն էին, որոնց ես մասնակցել եմ: 89-ի սեպտեմբերին կազմակերպեց մամուլի ասուլիս: Ասուլիսին մասնակցեց Սամվել Շահմուրադյանը, ես, կազմակերպիչներից էին Վարդան Մուշեղյանը, Սուրեն Զոլյանը, Կոստանդին Խուդավերդյանը, որն այդ ժամանակ «Հայաստանի հանրագիտարանի» տնօրենն էր: Փաստաբաններին էլ էինք հրավիրել՝ Ռուբեն Ռշտունուն եւ Ռուբեն Սահակյանին: Սումգայիթցիներն էին ներկա, զոհվածներից Արաբյան Արթուրի մայրը, Ավանեսյան երկու եղբայրների՝ Վալերիկ եւ Ալիկի մայրը՝ Էմման: Ասուլիսից հետո «Սումգայիթ, գենոցիդ, գլաստնոստ» մի ժողովածուով երկու օրում գրքույկ պատրաստվեց, տպարանից հազար օրինակ դուրս հանվեց, հինգ հարյուրը վերցրեցի ու տարա Մոսկվա: ԽՍՀՄ հայ պատգամավորներն իմ գնալու օրը ասուլիս էին կազմակերպել:
Մտա ասուլիսին, բաժանեցի ամբողջը, զանգեցի Աղասի Արշակյանին, որպեսզի մնացածն էլ հասցնի ինձ: «Մոսկվա» հյուրանոցի առաջին հարկում էի դրել այդ գրքույկները, քանի որ մեր պատգամավորները չէին բաժանել, ամեն վայրկյան սպասում էի, թե ԿԳԲ-ն կգա հետեւիցս:

– Սամվել Շահմուրադյանը, որը ականատեսների վկայություններ էր հավաքել, եւ հրապարակել առանձին գրքույկով, մահացել է, փաստաբան Ռշտունին նույնպես, որի տանը արխիվներ կան, դատավճիռներ, դու ասում ես՝ որպես զոհվածների հարազատների վստահված անձ, ունես տեղեկանքներ մարդկանց վերաբերյալ, ովքեր ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել, դատավճիռներ: Արդյոք, ժամանակը չէ՞, ամբողջն ի մի բերել, հանձնել որեւէ իրավաբանական կառույցի, իրավապաշտպան կազմակերպության:

– Երազանքս այն է, որ պետական մակարդակով այդ գործով զբաղվեն: Եթե պետականորեն որոշեն այդ հարցը միջազգային դատարան մտցնել, միջազգային իրավաբանին պատրաստ եմ տրամադրել նյութերը, դատավճիռները՝ Սումգայիթում եւ Մոսկվայում կայացած, տասնհինգ ուրիշ դատավճիռներ էլ, որոնց մի մասը չեմ էլ թարգմանել ադրբեջաներեն է: Այդ դատավճիռները կարեւոր են նրանով, որ գոնե արձանագրված են, որ «միտինգներ եղան հայերի դեմ, կոչեր եղան, եւ իրականացրին ինչ-որ խումբ մարդիկ»: Այսինքն, որ դա հայերի դեմ է եղել, կազմակերպված է եղել, եւ ազերիների ղեկավարները միտինգներին ներկա են, մտավորականներ, դպրոցների տնօրեններ, որոնք կոչ են արել հայերին սպանել: Սումգայիթցիների վկայություններն էլ կան, դեռ չեմ օգտագործել: Եթե մի հանձնաժողով ստեղծվի, որը զբաղվի պետական մակարդակով Սումգայիթի հարցը միջազգային ատյաններ հասցնելու համար, պատրաստ եմ: Այդ հանձնաժողովի ձեւավորման հետ կապված Սուրեն Հարությունյանն էլ ժամանակին խոստացավ, այնքան ձգձգեց, մինչ երկրաշարժը եղավ: Աղասի Արշակյանի, Կիմ Բալայանի հետ գնացինք Սպիտակ, հետո չորս օր հետո ինձ ձերբակալեցին: Մի ամիս նստեցի «Սովետաշենի» մեկուսարանում, մինչեւ հունվարի 12-ը: Մեկուսարանում ես ծանոթացա Մովսես Գորգիսյանի հետ: Հեռակա գիտեինք, բայց պայմանները մոտեցրին: Այդ ժամանակ, եթե հիշում եք, շարժման ակտիվիստներին հավաքեցին, «մորուքավորներին»:

– Ի վերջո, որքա՞ն հայ է ոճրագործների զոհ դարձել:

– Պաշտոնական աղբյուրները շարունակում էին պնդել, որ սպանվել է տարբեր ազգությունների 32 մարդ, որոնցից 26-ը՝ հայ: Սումգայիթն իրենց աչքով տեսածներն ասում էին հարյուրավոր եւ նույնիսկ՝ հազար: Մեր արխիվում կան զոհերի տարբեր թվաքանակներով բազմաթիվ ցուցակներ:

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ»

24.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728