Ընկերության համար տարին հոբելյանական է
Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնի գալա համերգին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեց կոմպոզիտորի 7-րդ սիմֆոնիան՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ երկը՝ գրված նվագախմբի, երգչախմբի եւ մենակատարների համար: Երաժիշտների խոսքերով՝ աննկարագրելի բարդ այս ստեղծագործությանը կարճ ժամանակում մասնակիցները ոչ միայն ծանոթացան, այլեւ հիանալի մեկնաբանեցին այն: Առանձնացնում են խմբավար Ռադիկ Մելիքյանի աշխատանքը: Իսկ միացյալ երգչախմբի կազմում հրավիրված էին Ազգային օպերային թատրոնի, Հայաստանի պետական կամերային, Երեւանի պետական կամերային եւ «Հովեր» երգչախմբերի արտիստներ։ Իսկապես, հայաստանյան երգչախմբային կամ խմբերգային արվեստի արմատները մեզ տանում են մարդու գեղարվեստական գործունեության ծավալման ամենավաղ շերտերը, որոնցից եւ կազմավորվել է նրանց կատարողական արվեստը: Տարին հոբելյանական է Հայաստանի (երգչախմբային) երաժշտական ընկերության համար: 60 տարի առաջ մարտին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց այդ ընկերությունը:
«Առավոտը» հանդիպեց հիշյալ ընկերության նախագահ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանին: «Ժամանակին ընկերության հիմնումը իսկապես երեւույթ էր հանրապետության մշակութային կյանքում՝ բազմաձայն երգեցողության տարածմանը նպաստելու, մանուկների եւ երիտասարդների գեղագիտական դաստիարակությանը օժանդակելու փաստ, մի իրողություն, հիմնադրամ՝ հասարակական, մշակութային մի կազմակերպության, որն իր հովանու տակ պիտի առներ ազգային խմբակային երգը՝ հետագայում այն զարգացնելու, պրոպագանդելու առաքելությամբ: Ընկերության առաջին նախագահը մեծանուն խմբավար Թաթուլ Ալթունյանն էր: Անդամներն էին Կարո Զաքարյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ղազարոս Սարյանը, Էդվարդ Միրզոյանը, Տաթեւիկ Սազանդարյանն ու Ռոբերտ Աթայանը եւ այլն: Նախագահի տեղակալ է ընտրվում ժողովրդական արտիստ Մարտին Մազմանյանը, իսկ պատասխանատու քարտուղար՝ Էմմա Ծատուրյանը: Հիմնադրումից ընդամենը մեկ տարի անց ստեղծվում է հարյուր երիտասարդներից բաղկացած երգչախումբ, որը հիմք է հանդիսանում 1966թ. Հայաստանում երկրորդ պրոֆեսիոնալ երգչախմբի ստեղծմանը (առաջինը կապելլան էր), որը հետագայում կոչվեց մեծանուն խմբավար Արամ Տեր-Հովհաննիսյանի անունով: Այս երգչախումբը դարձավ երիտասարդ խմբավարների համար իսկական դարբնոց»,- տեղեկացրեց պարոն Ղազարյանը:
Հետո էլ հավելեց, թե ընկերության ստեղծումից հետո հիմնադրվեցին բաժանմունքներ Գյումրիում, Վանաձորում, որոշ ժամանակ անց էլ՝ հանրապետության եւս 7 քաղաքներում: Ընկերությունը պարբերաբար անցկացրել է մանկական եւ սիրողական երգչախմբերի հանրապետական մրցույթներ, փառատոներ: Մինչ օրս հատկապես հիշվում են ընկերության կողմից անցկացված հանրապետական երգի տոները: Մեր զրուցակիցը ընկերության նախագահն է 1997 թվականից, մինչ այդ ընկերության աշխատանքները վարել են Էմմա Ծատուրյանը եւ Թաթուլ Ալթունյանը: Այժմ գործող նախագահության անդամներն են ճանաչված դեմքեր Հովհաննես Չեքիջյանը, Սվետլանա Նավասարդյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արզաս Ոսկանյանը, Ժիրայր Ալթունյանը եւ այլք:
Դավիթ Ղազարյանը հավաստիացրեց, որ Հայաստանի երաժշտական ընկերությունը նպաստում է ազգային երաժշտության պահպանմանը, բնականաբար՝ հենվելով հարուստ ավանդույթների եւ համաշխարհային երաժշտական մշակույթի վրա, անցկացնում նաեւ սեմինարներ, մեծարման եւ հուշ երեկոներ:
Հայ խմբերգային արվեստի ուղին երաժշտության պատմության մեջ կապված է մեծանուն երաժիշտների, այդ թվում՝ Չուխաջյանի, Կարա-Մուրզայի, Եկմալյանի, Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի եւ մյուսների հետ: 20-րդ դարի կեսերից խմբերգային արվեստը շրջադարձային փուլ ապրեց շնորհիվ անհատականությունների, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Գեւորգ Արմենյանի, Էմին Արիստակեսյանի, Գեղունի Չթչյանի, Ավետ Տերտերյանի, ավելի ուշ՝ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Ստեփան Շաքարյանի, Մարտուն Իսրայելյանի, Լեւոն Չաուշյանի եւ այլոց: Խնդրեցինք թվարկել մեր օրերում խմբերգային ոլորտում գործող վառ անհատականություններին: Դավիթ Ղազարյանը նշեց Էդուարդ Հայրապետյանի, Արզաս Ոսկանյանի, Վարդան Աճեմյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Բաբաթորոսյանի, Վարդ Մանուկյանի, շվեյցարաբնակ Դավիթ Հալաջյանի, Իսրայելում ստեղծագործող Նուբար Ասլանյանի անունները: Զրույցի ընթացքում պարոն Ղազարյանը քանիցս շեշտեց, որ ընկերությունը ժամանակ առ ժամանակ պատվիրում կամ հայտարարում է խմբերգերի մրցույթ, որոնց արդյունքում լավագույնները ներկայացվում են հանդիսատեսի դատին: Ասաց նաեւ, թե այս պահին իր խմբագրմամբ հրատարակության է պատրաստվում հայ կոմպոզիտորների խմբերգերի ժողովածուն:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
24.02.2018