Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեծ հաշվով հուզված չեմ»

Փետրվար 26,2018 13:00

Սիրված դերասան Ստեփան Շահինյանը` սերիալում չնկարահանվելու եւ իր ստեղծագործական ուղու մասին

«Երբ փոքր էի, հայրս ինձ միշտ կրկես էր տանում, բախտ եմ ունեցել տեսնել Լեոնիդ Ենգիբարյանի խաղը, անչափ շատ էի սիրում, երեւի հենց այդ ժամանակ եմ արձագանքներ լսել իմ ներսում դեպի թատրոնն ու դերասանական արվեստը»,-պատմում է դերասան Ստեփան Շահինյանը:

Նաեւ հավելում է, որ չէր էլ պատկերացնում, թե մի օր կհայտնվի թատրոնում: «Մտքովս շատ մասնագիտություններ էին անցնում, որովհետեւ դպրոցում այդքան էլ լավ չէի սովորում եւ ինձ համար միեւնույն էր, թե որտեղ կընդունվեմ, բայց չէի պատկերացնում, որ դերասանական ասպարեզի հետ որեւէ կապ կունենա»,-անկեղծանում է մեր զրուցակիցը:
Ընդունվում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին: Ընթացքում նաեւ աշխատում է Մնջախաղի պետական թատրոնում: Մնջախաղի արվեստի հանդեպ սերն այնքան է մեծանում, որ կատարելագործվելու նպատակով դերասանը մեկնում է Փարիզ եւ 11 ամիս սովորում այնտեղ:

Ստեփան Շահինյանն աշխատել է Հենրիկ Մալյանի, Էդգար Էլբակյանի անվան Խամաճիկների պետական թատրոններում, իսկ այժմ աշխատում է Մայր թատրոնում:
Դերասանի խոսքերով, իր կերտած յուրաքանչյուր դեր հետք է թողնում իր վրա:
«Երբ խաղում էի Դիոգենես, զգում էի, որ այդ դերն էլ ինձ հետ է խաղում: Յուրաքանչյուր դրական դեր փոխում է ինձ: Արդյունքում՝ եւ՛ ես եմ աշխատում կերպարի հետ, եւ՛ կերպարն է աշխատում ինձ հետ: Կերպարիս եւ իմ ներսի կապը փոխադարձ է»,- փաստում է Ստեփան Շահինյանը:

Իր դերերից նա առանձնացնում է «Ընկեր Փանջունի» ֆիլմում կերտած իր Խեւ Ավոյի կերպարը. «Սրտանց սիրեցի այդ դերը եւ ուզում էի խաղալ: Այդպես էլ հարցական մնաց դիտողի համար՝ Խեւ Ավոն գի՞ժ էր, թե՞ իրեն էր գժի տեղ դնում, որ վանքի հավերն ուտեր»,- պատմում է արվեստագետը:

Կար ժամանակ, երբ հաճախ Ստեփան Շահինյանին տեսնում էինք հայկական հեռուստասերիալներում: Հարցին, թե ինչո՞ւ այժմ չի նկարահանվում հեռուստասերիալներում, չկա՞ ցանկություն, թե՞ բացակայում են առաջարկները, արվեստագետը պատասխանեց. «Չկան առաջարկներ, երեւի ես թանկ վարձատրվող դերասան եմ համարվում, կամ չբավարարեցի ռեժիսորների սպասելիքները: Մեծ հաշվով՝ այս առիթով հուզված չեմ»,-եզրափակեց Ստեփան Շահինյանը:

 

ՄԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Առավոտ»

24.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728