Կոմպոզիտորների միությունը, անում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը
Մարտի 5-ին մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը՝ նվիրված կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի 110-ամյա հոբելյանին։ Գրիգոր Եղիազարյանը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է, մեծ մանկավարժ, ում մոտ ուսանել են բազմաթիվ կոմպոզիտորներ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կարեւոր դեր ունի մեր մշակութային ժառանգության վերականգնման, պահպանման, զարգացման ու հանրահռչակման գործում։ Փառատոնի կազմակերպիչները՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, թվայնացնում են հայ կոմպոզիտորների գործերը, ձայնագրում ստեղծագործությունները, պեղում արխիվները, հայտնաբերում անտիպ ստեղծագործություններ, դրանց կյանք հաղորդում ու ընդգրկում նվագախմբի երկացանկում։ Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորման շնորհիվ։
Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը բարձր է գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս նախաձեռնությունը։ Այն ի հայտ է բերում մեր մոռացված արժեքները։ «Շատ եմ կարեւորում այն փաստը, որ յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում է մեր կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին ու կրում է նրա անունը։ Այստեղ կատարվում են նրանց հիանալի ստեղծագործությունները, որոնք տարիներ, գուցե տասնյակ տարիներ չեն հնչել։ Եվ սա առիթ է, որ դրանք կատարվեն, երիտասարդները ծանոթանան այդ գործերի հետ, որոնք ժամանակին պատիվ են բերել մեր երկրին։ Փառատոնը ներկայացնում է նաեւ մեր ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Եվ պետք է ասեմ, որ ընտրվում ու կատարվում են լավագույն գործերը։ Դա նույնպես կարեւոր է, քանի որ կարծում եմ` փառատոներին պետք է հնչի միայն լավագույնը։ Գրիգոր Եղիազարյան-ֆեստում կներկայացվի նաեւ Եղիազարյան մանկավարժի ուսանողների՝ անվանի կոմպոզիտորների արվեստը»,- ասաց Վարդան Աճեմյանը։
Գրիգոր Եղիազարյանը մեծ ավանդ ունի մեր կոմպոզիտորական դպրոցի ստեղծման ու զարգացման գործում, նրա գրչին են պատկանում մեծարժեք երաժշտական կտավներ, սակայն նրան կարծես թե քչերն են ճանաչում, նրա գործերը գրեթե չեն հնչում։ Պարոն Աճեմյանը այս հարցում մեղադրում է Հայաստանի կոմպոզիտորների միությանը, որը չի հնչեցնում նրա ստեղծագործությունները. «Գրիգոր Եղիազարյանը մեծ վարպետ է, հիանալի մանկավարժ։ Նրա ուսանողներն են եղել Էդգար Հովհաննիսյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Գեւորգ Արմենյանը եւ այլք»։
Վարդան Աճեմյանը նկատում է նաեւ, որ այն, ինչ այսօր անում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, պետք է առաջին հերթին իրականացներ կոմպոզիտորների միությունը. «Չգիտես ինչու, այդ գործընթացն անընդհատ հետաձգվում է։ Մենք ունենք հիանալի արժեքներ, որոնց պետք է նորից կյանք տանք։ Ունենք հիանալի պարտիտուրներ, եւ չգիտես՝ դրանք կա՞ն, գոյություն ունե՞ն, թե՞ այս տարիների ընթացքում անհետացել են։ Այս ամենով զբաղվում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը, ինչի համար ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ»։
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում տեղի կունենա 5 համերգային երեկո, որոնց ընթացքում կհնչեն ինչպես Գրիգոր Եղիազարյանի, այնպես էլ նրա սաների ու ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը։ Մի ամբողջ համերգ կնվիրվի սփյուռքահայ եւ սփյուռքում ստեղծագործող կոմպոզիտորներին։
ԱՐՓԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
24.02.2018
Այս ,,փառատոնը,, մեղմ ասած, վայել չէ Մեծն Եղիազարյանին …