Սույն թվականի փետրվարի 20-ին կյանքին հրաժեշտ տվեց Տրանսիլվանիայի մերօրյա մեծագույն հայագետ, Կլուժի Հայկական միության եւ Հայոց թանգարանային միության փոխնախագահ Միրչա Մաքսիմիլիան Տիվադարը, թողնելով բոլորիս սրտերում մի դատարկություն, որն անհնար է լրացնել:
Միրչա Տիվադարը ծնվել է 1958 թվականի մայիսի 11-ին Բայա Մարե քաղաքում, Ռումինիայի հյուսիսային սահմանի մոտ, բայց մանկությունը անցկացրել է Հայաքաղաք-Գեռլայում, մի քաղաքում, որը 1700 թվականին էր հիմնադրվել Անիից գաղթած հայերի կողմից, եւ՝ շուտով դառնալու էր Տրանսիլվանիայում հաստատված հայերի մայրաքաղաքը, մշակութային եւ տնտեսական կենտրոնը: Միրչան ազնվական հայ ընտանիքից էր, ում ծնողները, անտեսելով կոմունիստական իշխանության հալածանքները, իրենց զավակի մեջ սեր ու հարգանք էին սերմանել հայոց պատմության եւ մշակույթի հանդեպ: Հայաքաղաքը, իր հետաքրքիր եւ հարուստ պատմությամբ, ամեն քայլափոխի հանդիպող հայկական շնչով ու հուշերով, իր նվազող հայ բնակչության հպարտությունը կրող առօրյա կյանքով եւ ճակատագրով՝ մեծ ազդեցություն է ունեցել ազնիվ պատանու վրա, ով հետագայում իր ամբողջ կյանքը նվիրեց տրանսիլվանահայության մշակույթի եւ ավանդույթների պահպանմանը:
Միրչա Տիվադարը ջանք եւ ուժ չխնայելով՝ ամբողջ կյանքում հավաքել է հայկական մշակութային կոթողներ, գորգեր, կտավներ, եկեղեցական եւ կենցաղային իրեր, կազմակերպել է ցուցահանդեսներ ու տարբեր միջոցառումներ, վառ է պահել նախնիների հիշատակը, եւ ազգային արժեքները փորձել է փոխանցել հետագա սերունդներին: 2008 թվականին վերականգնել է անվանի հայագետ Քրիշտոֆ Սոնգոթի (Խաչիկ Ասվատուրյան) նախաձեռնությամբ 1904 թվականին ստեղծված Հայոց թանգարանային միությունը: Այս միությունը 1907 թվականին Հայաքաղաքում հիմնել էր աշխարհի առաջին հայկական հասարակական թանգարանը, որը 1947 թվականին փակվել էր կոմունիստների կողմից, եւ թանգարանային նմուշները փոխադրվել էին Ռումինիայի տարբեր պետական թանգարաններ. մի մասը մնացել էր Հայաքաղաք-Գեռլայի Պետական պատմության թանգարանում, մյուսը տեղ գտել Կլուժի պետական թանգարանի եւ արխիվի նկուղներում, մի մասն էլ անհետ կորել էր: Միրչա Տիվադարի ջանքերի շնորհիվ է նաեւ, որ Հայաքաղաքի Սբ. Երրորդություն մայր տաճարում է նորից գտնվում Ռուբենսի հայտնի կտավը՝ «Խաչից իջեցումը»:
Աջակցել է բազմաթիվ գրքերի հրատարակմանն ու թարգմանությանը, այդ թվում՝ վերոհիշյալ Քրիշտոֆ Սոնգոթի՝ Հայաքաղաքին նվիրված քառահատոր մենագրության, տրանսիլվանահայ ազնվական ընտանիքների զինանշանների եւ հայկական գորգերի ալբոմների եւ այլն:
Իր ամբողջ կյանքն ընծայելով տրանսիլվանահայության մշակութային եւ հոգեւոր ժառանգության փրկությանը, անգամ իր առողջությունը զոհաբերելով այդ նվիրական գործին, Միրչան նաեւ արտակարգ մի անձնավորություն էր, մեծ սրտի տեր մարդ: Նա երբեք չէր ցուցադրում իր մեծությունը, բոլորի համար համեստ ու հարազատ մարդ էր, հոգատար ընկեր, բարեկամ:
Ցավոք, նա չհասցրեց իրականացնել իր ամենամեծ երազանքը՝ Հայաքաղաքի Հայոց թանգարանի վերաբացումը: Մեր պարտքն է շարունակել նրա սկսած գործը, եւ ես վստահ եմ, որ նա երկնքից հետեւելու եւ աջակցելու է մեզ այդ հայանպաստ գործը ավարտին հասցնելու հարցում:
Գնաս բարով, սիրելի Միրչա, հանգչիր խաղաղությամբ, հոգիդ լույս դառնա, իմ թանկագին բարեկամ:
Հավերժ կապրես մեր սրտերում:
Լասլո Բորբելի-Դայբուկատ
2018թ. փետրվարի 22,
Երեւան
«Առավոտ»
24.02.2018