Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ ժամանակներս Հայաստանին ռեալ սպասվող, հուսադրող ու դրական բարեփոխումը Արմեն Սարգսյանի նշանակումն է նախագահի պաշտոնում

Փետրվար 25,2018 23:57

Նախապես ասեմ, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին կյանքում բարևած չկամ և այն, ինչի մասին խոսվելու է, խոսվելու է անշահախնդիր: Տարբեր հոդվածներում բազմիցս եմ բարձրաձայնել այն մասին, որ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանում կայացած համակարգեր չեն գործում, ուստի չափազանց մեծանում է մարդ-անհատի դերը, և հնարավոր է երբեմն տվյալ մարդու դերակատարումն այնքան մեծանա, որ համակարգ ասածն ինչ-որ իմաստով դառնա հենց այդ անհատը, որը մեծ իմաստով, շատ ավելի շատ բացասական երևույթ է, քան դրական: Այստեղ կարելի է նշել, որ մեր պետական կառավարման համակարգը ևս հեռու է կայացած լինելուց, սակայն մի տարբերությամբ, որ եթե խոսքը չի գնում պետության առաջին դեմքի մասին, ապա ցանկացած այլ  պաշտոնյա չի կարող փոխարինել այդ համակարգին:

Կոնկրետ դեպքում, Արմեն Սարգսյանի նշանակումը ՀՀ նախագահի պաշտոնում, նման վտանգ չի պարունակում իր մեջ, սակայն դրական իմաստով այն կարող է շատ օգտակար բարեփոխումներ խոստանալ մեր երկրին: Փորձենք մի քիչ ավելի մանրամասնորեն հիմնավորել ասվածը: Առաջին և ամենակարևոր հանգամանքն այս պարագայում այն է, որ ըստ տարածված տեղեկատվության՝ բացի լավ մարդ ու լավ հայ լինելուց, Արմեն Սարգսյանը բավականին ունևոր և միջազգային մեծ ճանաչում ունեցող դիվանագետ ու բիզնեսմեն է, որը վկայում է այն մասին, որ նա աշխատելու է բացարձակ ազնիվ, ավելին՝ նա աշխատելու է երկրի համար, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների նման միայն իր համար:

Փաստացի, այսօր նախկին խորհրդային երկրներում, ինչու չէ, նաև աշխարհի շատ երկրներում հավանաբար չի գտնվի մեկ այլ հայ, որի իմիջը և որպես բիզնեսմեն, և որպես կայացած դիվանագետ, ավելի կայացած լինի, քան Արմեն Սարգսյանինն է: Բացի այդ, որքան հայտնի է տեղեկատվական դաշտից, նա լուրջ բիզնեսներ ունի ինչպես նախկին խորհրդային, այնպես էլ աշխարհի այլ երկրներում ու հաշվի առնելով իր տեսակը, նա ինքը կարող է Հայաստանի համար և′ նվիրատվություններ, և′ լուրջ ներդրումներ անել:

Այլ խոսքով, արդյունքում նրա շնորհիվ Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը կլինի ամենամեծը (թող ներեն ինձ մնացած հայ մեծահարուստները, եթե իմ կանխատեսման մեջ սխալվում եմ): Համոզված եմ, որ անուրանալի կլինի նաև նրա ավանդը 2017թ. նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան համաձայնագրի կյանքի կոչման գործում: Լինելով փորձառու դիվանագետ, երկար ժամանակ ապրելով Եվրոպայի սրտում և ունենալով ամուր կապեր Եվրոպական երկրների և′ գործարար, և′ իշխանական շրջանակների հետ, ինչպես նաև սրտացավ հայ, նա ժողովրդավարություն ասվածի իսկական շունչը կբերի և կփորձի ռեալ ներդնել Հայաստանում, որն էապես կօգնի Հայաստանի և′ զարգացմանը, և′ միջազգային վարկի բարձրացմանը, որի հետևանքով ավելի շատ թվով երկրներ կվստահեն ու ներդրումներ կանեն մեր երկրում:

Որևէ մեկը չի կարող հերքել, որ տարբեր երկրների միջև գործող դիվանագիտական հարաբերությունների մակարդակը որոշվում է ոչ միայն այդ երկրների շահերով ու այլ տարաբնույթ գործոններով, այլև շատ հաճախ այն մեծ չափով կախված է լինում հայտնի անհատներից, ովքեր այսպես, թե այնպես մասնակից են այդ հարաբերությունների կայացմանը:

Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Արմեն Սարգսյանը հենց այդ կայացած անհատներից մեկն է: Արտաքին հարաբերությունների մակարդակում այդ գործոնները շատ-շատ են և հնարավոր չէ բոլորը թվարկել:

Այժմ, մի երկու բառով փորձենք ներկայացնել նաև երկրի ներսում նրա ազդեցության գործոնների մասին: Ակնհայտ է, որ իր աշխատելու ընթացքում, բոլոր ուղղություններում նա իրեն կդրսևորի որպես օրինակելի մարդ և օրինակելի պաշտոնյա, որն ակամայից իր անմիջական ազդեցությունը կթողնի առաջին հերթին և իր ենթակա աշխատողների, ու իր հետ առնչվող բազմաթիվ այլ պաշտոնյաների, և նրանց ենթակաների, ինչպես նաև բազում այլ պաշտոնյա ու ոչ պաշտոնյա աշխատակիցների վրա, քանզի նրա մաքրությունը և բիոդաշտն այնքան մեծ են, որ շատ դժվար է դրանց չենթարկվելը, եթե նույնիսկ ոմանք այդ նույն տեսակը չեն: Ավելին, նա ի վերջո հանրապետության նախագահն է լինելու և եթե նա տեղեկանա այլ պաշտոնյաների կողմից կաշառարակերության և կոռուպցիայի մեջ ներգրաված լինելու վերաբերյալ, ապա բացարձակապես չի հանդուրժի և իր լիազորությունների սահմաններում ինքն անձամբ կամ ապագա վարչապետի հետ փոխհամաձայնեցված, կփորձեն շատ խստիվ խոչընդոտել և պատժել նման պաշտոնյաներին: Համոզված եմ, որ նրա անձի անմիջական ներկայությունը չափազանց շատ բան է փոխելու շատ ու շատ պաշտոնյաների վարքագծում: Փորձեմ դադարեցնել հիշյալ և այլ գործոնների թվարկումը, քանզի և′ դրսի հետ կապված, և′ ներսի հետ կապված, դրանք շատ-շատ են:

Ասում են անթերի մարդ չի լինում, որի հետ լիովին համաձայն եմ և շատ կուզենայի, որ այդքան շատ գովասանքներին զուգահեռ, գոնե մեկ-երկու թերություն նշել, ավաղ, ես չկարողացա, և եթե դրանք իրականում կան, ապա միևնույն է ժամանակն այն անպայման երբևէ կդնի մեր առջև…

Թող Տերը օրհնի նրան, ինչպես ասում են, պինդ ձեռով պահի և ողջ ուժերով ծառայեցնի երկրին, պետությանը և ժողովրդին…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ            

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Տրամաբանության լիակատար բացակայություն… Դիվանագիտական ծառայության ընթացքում տվյալ երկրում բիզնես հիմնած ու իր ծառայողական դիրքը բացահայտորեն սեփական բիզնեսի համար օգտագործած մարդն ինչպե՞ս կարող է անկախ ու անաչառ նախագահ լինել…

  2. Գայանե says:

    Թող Տերը օրհնի մեր ժողովրդին եւ փրկի այսպիսի բիզնեսմեններից ու դիվանագետներից:

    Այսօր պարոն ՄԱՂԱՔՅԱՆը կարող է մատաղ անել մաքրամաքուր Արմեն Սարգսյանի ոտքերի տակ:
    Այ քեզ քծնանք

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728