Անցած շաբաթ Իրանի առաջնորդ պրն Խամենեին հեղափոխության տարեդարձի արդյունքներն ամփոփելիս հայտնեց, որ 39-ամյա հեղափոխությունը հաջողել է քաղաքացիներին իր իրավունքների և ձայնի տեր դարձնել, բայց թերացել է արդարությունը տարածելու գործում: Նա այս առթիվ աննախընթաց մի քայլով ներողություն հայցեց Աստծուց և ժողովրդից։
Նույն ժամանակ նախագահ Ռոհանին գիտությանը նվիրված մի հանդիսության ժամանակ անուղղակի կերպով անդրադարձավ անվտանգության ծառայությունների աշխատակիցների պարսավելի ոճին, որով ճնշում են գիտնականներին և հատկապես արտասահման գործուղվող անհատներին․ նա գիտության իսլամացումը համարեց զուր գործ, որի վրա մսխվել է հսկայական ժամանակ և բյուջե և շեշտեց, որ «Գիտությունը գիտություն է և իսլամական ֆիզիկա, քիմիա կամ մաթեմատիկա գոյություն չունի»։
Նախագահի խորհրդականներից տիկին Մոլավերդին էլ քննադատեց Իրանի պետական հեռուստատեսության մի հաղորդումը, որը բանտում մահացած բնապահպան և համալսարանի դասախոս Քավուս Սեյեդ Էմամիին անվանել էր լրտես․ իրանական «Իսնա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն խորհրդականը հայտնել է, որ պետական ԶԼՄ-ն դատարանի ֆունկցիա է իր վրա է վերցրել, որը հակասում է պրն Ռոհանիի հայտարարած «Քաղաքացիների իրավունքների հռչակագրին»։
«Ղանուն» /Կանոն/ օրաթերթը ևս քննադատել է ոստիկանության աշխատակցի արարքը, որը բարձրությունից հրելով ցած նետեց կին խաղաղ ցուցարարին։ Իրանցի մի խումբ կանայք ցուցադրաբար հանելով իրենց գլխաշորը, պայքարում են գլխի մազերը ծածկելու պարտադրանքի դեմ․ Իրանի դատարանները սաստկացրել են պայքարը կին ցուցարարների դեմ և որոշ ձերբակալվածների երկարատև ազատազրկման վճիռ է սպասվում։ Միջազգային իրավապաշտպան կառույցներն Իրանից պահանջում են կանանց հագնելաձևի իրավունքը թողնել ազատ՝ իսլամական մյուս երկրների նման։
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ
…կանայք ցուցադրաբար հանելով իրենց գլխաշորը, պայքարում են գլխի մազերը ծածկելու պարտադրանքի դեմ… Այսինքն, եթե մազերը խուզի, կաթո՞ղ է գլխաշոր չկրել…