Լրահոս
Օրվա լրահոսը

Ահմադինեժադը Խամենեին խնդրել է լուծարել Իսլամական խորհրդարանը

Փետրվար 25,2018 23:35

Էքս-նախագահ Ահմադի Նեժադը պետության ղեկավար պրն Խամենեին խնդրել է վերանայել առաջնորդի գրասենյակի գործունեությունն ու կառուցվածքը, լուծարել Իսլամական Խորհրդարանը, պաշտոնազրկել հանրապետության և դատական ատյանի նախագահներին, նշանակել խորհրդարանական ու նախագահական նոր ընտրություններ, զինված ուժերին հեռու պահել ընտրություններին միջամտելուց և Հիմնական Օրենքի Պահապան խորհրդին արգելել ընտրական մեքենայություններ (Election engineering) կատարել։

Հարկ է նշել, որ Պահապան խորհուրդն ունի լայն իրավասություններ և խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների հարյուրավոր թեկնածուների մերժում է։ Այս խորհուրդը անցյալ տարի առաջնորդի խորհրդով մերժեց նաև Ահմադի Նեժադի նախագահ դառնալու ցանկությունը․վերջինս 2005-2013 թվականին եղել է երկրի նախագահ և 2017 թվականին որոշել էր մեծ քաղաքականություն վերադառնալ, բայց մերժվեց։ Նա իր նախագահության ութ տարիների ընթացքում եղել է առաջնորդի հովանավորյալը, պաշտպանել է դատական ատյանի աշխատանքները, կատարել է տասնյակ ապօրինություններ և 2009 թվականի հարյուր հազարավոր ցուցարարներին և իր քաղաքական մրցակից Մուսավիի ու Քառուբիի կողմնակիցներին անվանել է թափթփուկ, ոչնչություն ու ծղոտ։

Իրանի մամուլը նրան համարում է երկրի երևակայական Նապոլեոնը, որ հավակնում է փրկել երկիրը։ Փորձագետները հիշեցնում են նրա օրոք տեղի ունեցած հանցագործություններն ու բազում զեղծարարությունները և զարմացած են առաջնորդ Խամենեու այժմյան լռությունից․Ահմադի Նեժադի խիստ քննադատությունների և հականե-անվանե մեղադրանքների նվազագույնը հնչեցրած մարդիկ, այսօր գտնվում են բանտերում։ Էքս-նախագահը երկրի դատական ատյանը և խորհրդարանը ղեկավարող Լարիջանի եղբայրներին դիմում է ծայրահեղ բացասական որակումներով և նրանց մեղադրում է դրամաշորթության, հողատարածքների զավթման ու տասնյակ հանցանքների համար, բայց նրան դեռևս պատասխանատվության չեն կանչում։ Ահմադի Նեժադի գաղափարները մերժում են թե արմատական և թե բարեփոխական կոչվող հոսանքները, բայց փորձագետները կարծում են նա հենարան ունի զինված ուժերի և հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի հատվածի և երկրի սոցիալապես անապահով, հաճախ նաև կիսագրագետ խավի մոտ․ ոմանք նաև այն կարծիքին են, որ Ահմադի Նեժադի ակտիվանալը առաջնորդի գրասենյակի պրոյեկտներից է։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728