88 տարեկան հասակում օրեր առաջ մահացել է Խաչատուր Միրիջանյանը:
Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչել քանդակագործության նահապետին, լինել Էրեբունի համայնքի նրա տանը, որը նաեւ արվեստանոցն էր:
Իր չափածո գործերից մեկում նա գրել էր.
Ինձ ոչ փառք է պետք,
Ոչ դիրք, ոչ տիտղոս,
Միայն ու միայն համեստ վաստակիս
Արժանի մի խոսք:
Անկեղծ ասած, սպասում էի, թե նրա մահվան մասին կգրեն:
Ծպտուն չկա, շատերը չգիտեն:
Քանդակագործը հայտնի էր առավել Չարենցավանում 1980թ-ին տեղադրած «Գանգրահեր տղայի», Էջմիածնի «Սգավոր մայրեր», Պետրոս Դուրյանի, Մարտիրոս Սարյանի, Վահան Տերյանի արձաններով, Շարա Տալյանի, Կոմիտասի, դիրժոր Ռ.Մանգասարյանի կիսանդրիներով, հուշարձաններով, գրաֆիկական աշխատանքներով, գեղանկարներով, բանաստեղծություններով:
Քանդակագործը լեզու էր գտնում տարբեր նյութերի հետ՝ օգտագործելով քարը, փայտը, բրոնզը, անգամ մանրահատակը, ստեղծելով ուշագրավ կոմպոզիցիաներ:
Հայաստանի ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Թերեզա Միրզոյանն, անդրադառնալով քանդակագործի ստեղծագորություններին, նշել էր. «Միրիջանյանի ստեղծագործությունների մեջ կարեւոր տեղ էին գրավում բանաստեղծությունները, որոնք նա հիմնականում նվիրում էր իր աշխատանքներին՝ լրացուցիչ բացահայտելով դրանց բովանդակությունը: Ի դեպ, քանդակագործներից այդպես վարվել է նաեւ Միքելանջելոն»:
Ես սիրում էի քանդակագործի հատկապես ծաղրաքանդակներն ու ծաղրանկարները:
Հումորի անուրանալի զգացում ուներ, չնայած կյանքի սարսափելի հարվածներին, մնաց միշտ անուղղելի լավատես, ինչպես ասում էր`լույսի վանդակում:
Սա այն դեպքում, երբ քանդակագործության նահապետը դժվարին օրեր էր ապրում, իսկ որդու կորստից հետո դադարեց ստեղծագործել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ