Լրահոս
Օրվա լրահոսը

Կունենա՞նք արդյոք մեր երազած պետությունը

Փետրվար 25,2018 12:00

Արդեն չափից ավելի ենք խոսել նոր Սահմանադրության, պառլամենտական Հայաստանի և սպասվող ու անսպասելի առաջիկա երևույթների մասին, բայց, այդուհանդերձ, ամեն ինչ դեռևս այնքան էլ պարզ չի, որովհետև ապրիլից ունենալու ենք միանգամայն նոր՝ անծանոթ Հայաստան:

Առայժմ ոչ ոք չգիտի՝ լավ է լինելու, թե վատ: Ընդդիմադիրները հիմնականում փնովում են նոր Սահմանադրությունը՝ ասելով, որ ՀՀԿ-ն ու հանրապետության նախագահն այն մեջտեղ բերեցին, որպեսզի երկարաձգեն իրենց և գործող նախագահի իշխանությունը:
Դաշնակցականներն ասում են, որ մենք էն գլխից պիտի պառլամենտական հանրապետություն լինեինք: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պիտի հիշենք ու ասենք, որ Դաշնակցությունը մշտապես՝ նախքան իշխանական կոալիցիայի մեջ ընդգրկվելն էլ էր պառլամենտական հանրապետության կողմնակից:

Կարճ ասած՝ ապրիլից ապրելու ենք միանգամայն նոր երկրում, և նույնիսկ ենթադրելն է դժվար, թե ինչպիսին կլինի այդ երկիրը՝ էնքան որ տարբերակները բազմազան ու բազմաթիվ են, և տարբերակներից ամենառեալն ու ամենաիրականը կլինի այն տարբերակը, որին արժանի կլինենք:

Ասում ենք՝ ապրիլից ապրելու ենք միանգամայն նոր երկրում, բայց ինչքան էլ երկիրն իր Սահմանադրությամբ նոր լինի, բնակիչներս նույնն ենք լինելու, և երկրի որակը ոչ էնքան Սահմանադրության որակից է կախված լինելու, ինչքան քաղաքացիների որակից, և երկրի որակը ոչ էնքան պառլամենտական հանրապետության դրվածքն ու ավանդույթներն են որոշելու, ինչքան մենք՝ ինքներս, և եթե ինքներս արժանի լինենք ավելի լավ ու ավելի կատարյալ պետության, և եթե էդ ուղղությամբ անենք մեզնից կախվածը, կապրենք ավելի լավ պետության պայմաններում, քան հիմիկվանն է: Եվ էդ դեպքում ամենևին էական չի լինի՝ էդ երկիրը նախագահակա՞ն է, թե՞ պառլամենտական:

Մի խոսքով, ամեն ինչ կախված է լինելու ոչ էնքան նոր Սահմանադրությունից ու նոր Սահմանադրության հարուցած փոփոխություններից, ինչքան որ անձամբ մեզանից, որովհետև անձամբ մենք ենք կառուցելու էս պառլամենտական հանրապետություն կոչվածը:

Նոր Սահմանադրության և պառլամենտական պետության պայմաններում պահանջվելու է ոչ միայն վարչապետի, նախագահի ու Ազգային ժողովի սերտ համագործակցություն, այլև թվարկածներիս ու քաղաքացիների համագործակցություն՝ ամենաբարձր մակարդակով: Ամենաբարձր մակարդակ ասելով՝ նկատի ունենք պետության ու քաղաքացիների գիտակցված ու նպատակաուղղված համագործակցությունը:

Մի խոսքով, մենք պիտի փորձենք ունենալ այնպիսի երկիր ու հայրենիք, ինչպիսին տարիներ շարունակ երազել ենք: Այսինքն՝ վերջապես մենք պիտի ըմբռնենք ու հասկանանք, որ այդպիսի երկիրն ազգովի են կառուցում՝ վարչապետը, նախագահը, պատգամավորները, ժողովորդն ու բոլորը միասին: Հայաստանի պարագայում Սփյուռքն էլ, ու Սփյուռքի մասնակցությունն էլ չափազանց կարևոր նշանակություն ունի:
Սինգապուր ենք ասում, այլ հաջողված պետությունների անուններ ենք տալիս, բայց ժամանակն է, որ մենք հասկանանք, որ իդեալական կամ համեմատաբար հաջող պետությունը իշխանությունները միայնակ չեն կառուցում, այլ քաղաքացիների հետ միասին, այդ թվում նաև՝ ընդդիմության:

Իդեալական պետություն ենք ասում, բայց փաստ է, որ իդեալական պետություն գոյություն չունի: Ողջ աշխարհում: Նույնիսկ աշխարհի հզորագույն ու լավագույն պետություններն իդեալական ու անթերի չեն: Պարզապես լավ պետություն ասելով՝ նկատի ունենք մեզ արժանի նորմալ պետություն: Իսկ որ մենք արժանի ենք նորմալ պետության, դա փաստ է, մանավանդ որ՝ նորմալ ու կարգին պետություն ունեցող որևէ ժողովրդից որևէ բանով պակաս չենք:

Այսինքն՝ նորմալ պետություն լինելու համար ոչ միայն գործադիր իշխանություններն ու պատգամավորները պիտի իրենցից կախված ամեն ինչ անեն, ոչ միայն քաղաքացիները պիտի իրենցից կախված ամեն ինչ անեն, այլև ընդդիմությունն էլ: Այսինքն՝ բոլորը:
Ինձ հակադրվողները հակադրվելով կասեն, որ եթե թվարկածս բոլորն իրենցից կախված ամեն ինչ անեին, մենք նախկինում էլ նորմալ ու օրինակելի պետություն կունենայինք: Շատ ճիշտ կռահեցիք: Իսկապես կունենայինք: Բայց եթե չենք ունեցել, դա ամենևին չի նշանակում, թե հնարավորություն ու պայմաններ չենք ունեցել:

Ամեն ինչ էլ ունեցել ենք՝ բացի բուռն ու միասնական ցանկությունից: Ցանկություն, իհարկե, միշտ էլ ունեցել ենք, բայց մեր ցանկությունները շատ դեպքերում ոչ միայն միասնական չեն եղել, այլև զգալիորեն տարբերվել են իրարից: Ավելի ճիշտ՝ ոչ թե ցանկություններն են իրարից տարբեր եղել, այլ ցանկացողներն են իրարից տարբեր եղել:
Եվ եթե միասնության ու միասնականության շորշոփներ ու դրսևորումներ եղել են, դրանք հիմնականում եկել են Սփյուռքից, ավելի ճիշտ՝ ազդակներն ու նախաձեռնություններն են Սփյուռքից եղել: Եվ առաջիկայում ու հետագայում էլ է դա միակ տարբերակը. այսինքն՝ Արցախի, Հայաստանի և ընդհանրապես Հայության առողջացման բոլոր տեսլականները կապված են Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության ոսկեղենիկ շղթայով:
Այլ ճանապարհ չունենք:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

24.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728