Մարտի 1-ից դեղատոմսով որոշ դեղամիջոցների բաց թողնելը լրացուցիչ հոգս է նաեւ անազատության մեջ գտնվողների եւ նրանց հարազատների համար: Բազմիցս խոսվել է քրեակատարողական հիմնարկներում տիրող բուժսպասարկման անմխիթար վիճակի մասին. անգամ առաջին անհրաժեշտության ցավազրկող դեղեր չկան:
Որպես կանոն՝ ՔԿՀ-ների բժիշկները դատապարտյալներին հորդորում են այս կամ այն դեղը ձեռք բերել դրսից`«խաբար արեք հարազատներիդ»:
«Հիմա դեղատոմսով է, բժիշկը պիտի նշանակի, գամ ռեցեպտը վերցնեմ, հետո գնամ՝ առնեմ բերեմ: Ես մարզից եմ, տղաս նստած է «Նուբարաշենում», – նշեց մեր զրուցակիցը: Վերջինս հասկանում է` դեղատոմսը կվերցնի, չի հասնի մարզ, մոտակա դեղատներից կգնի, բայց սա էլ գլխացավանք է:
«ՔԿՀ-ներում մի տեսակ ձգձգում են ցանկացած հարց. հիմա Գյումրից հասնեմ տեղ, ասեն՝ ռեցեպտ գրողը պերերիվ է գնացել կամ հիվանդ կալանավորի մոտ է: Հետո մի ռեցեպտ էլ ինձ պիտի նշանակեն որ սթրեսից դուրս գամ»,-անկեղծացավ դատապարտյալի մայրը:
Նրա խոսքով՝ հիմա երբ դեղ է պետք լինում, զանգում`ասում են անունը, առնում ուղարկում է կալանավայր, մասնավորապես ծանոթ տաքսիստների հետ: «Հիմա ո՞նց խնդրես խեղճ շոֆերը մի հատ մտնի ռեցեպտը վերցնի, հետո գնա՝ դեղը առնի բերի հասցնի»,-նշեց մեր զրուցակիցը:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ