Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտային տուրիզմի զարգացմանը կարող է նպաստել նաեւ թիավարությունը

Փետրվար 24,2018 22:46

Նոր մրցաշրջանին ընդառաջ  թիավարության մանկապատանեկան մարզադպրոցում այսօր շաբաթօրյակ էր: Մարզիչներն ու մարզիկները մաքրում ու բարեկարգում էին մարզադպրոցի տարածքը:

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Երեւանում այցելել է թիավարության մանկապատանեկան մարզադպրոց, շրջել տարածքում, ծանոթացել պայմաններին եւ տնօրինության հետ քննարկել թիավարության ՄՊՄԴ-ն նաեւ սպորտային տուրիզմի զարգացմանը ծառայեցնելու հնարավորություններն ու հեռանկարները:

Շրջայցի ավարտին Հրաչյա Ռոստոմյանը լրատվամիջոցներին ասաց. «ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանում լուրջ քայլեր են արվում զբոսաշրջությունը, այդ թվում նաեւ սպորտային տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Այս առումով թիավարության մարզադպրոցը սպորտային տուրիզմը նաեւ Երեւանում զարգացնելու մեծ հնարավորություններ ունի: Ուստի հարց է առաջացել՝ մարզադպրոցի տարածքը մաքրել, բարեկարգել: Մենք այստեղի հետ կապված մի քանի ծրագրեր ունենք երեւանցիների եւ Երեւանի հյուրերի համար սպորտով, առողջ ապրելակերպով զբաղվելու մեծ հնարավորություններ ստեղծելու նկատառումով»:

Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրեց նաեւ, որ հանրապետությունում ընդհանրապես սպորտային տուրիզմը զարգացնելու 10-12 ծրագիր կա: «Եթե ճյուղային տեսանկյունից նայենք, Ծաղկաձորը ձմեռային մարզաձեւերի սիրահարների տուրիստական կենտրոն է: Այս տարի բավականին մեծ ներդրումներ է արվել գլխավոր լեռնադահուկային կենտրոնը վերազինելու՝ ժամանակակից հարթուղիներ, վազքուղիներ, գիշերային վազքուղի ունենալու համար, ձեռք են բերվել նոր ճոպաններ, ինչն  արագացրել է ճոպանուղու առաջին կետից երկրորդ կետ մարդկանց հասցնելու արագությունը: Մինչեւ օգոստոս ամիս կվերջացնենք նոր ճոպանուղու կառուցումը, որի աշխատանքները կսկսվեն ձյունը հալվելուն պես: Ծաղկաձորում վերանորոգվում են նաեւ ժամանցի կենտրոնները: Ջրային մարզաձեւերի համար սպորտային տուրիզմի ծրագրեր ունենք Սեւանա լճում, այլ ուղղությունների համար՝ Դիլիջանում, Իջեւանում, Տավուշի մարզում: Շատ կարեւոր է սպորտային տուրիզմի ոլորտում արշավների ներդրումը: Այսօր զբոսաշրջիկները շատ են սիրում գնալ աշխարհի տարբեր երկրներ եւ իրենց հանգիստն անցկացնել արշավներում: Մենք պիտի դա ապահովենք: Համենայն դեպս, այս տարի երեքից չորս մարզերում կունենանք քեմփինգներ՝ բավարարելու նրանց հանգիստը», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728