Փաստաբան Արտավազդ Կիվիրյանի գրասենյակում վերջին տարիներին ամուսնալուծությունների դեպքերով գործերի քանակը ավելացել է:
«Առանձին վիճակագրություն չունենք, բայց այս տարիներին գործերի քանակը ավելացել էր: Խնդիրները տարաբնույթ են, բայց իմ խորին համոզմամբ՝ այդ խնդիրներն ունեն սոցիալական արմատներ, հիմնականում սոցիալական բնույթի իրավիճակն է ստիպում մարդկանց գնալ այդ քայլի, օրինակ մարդիկ գումար չունեն, չեն կարողանում առանձին ապրել ծնողներից, ընտանեկան հարցեր սկսում են կարգավորել ծնողներն ու այլ անձինք, առաջանում է կոնֆլիկտային հարաբերություն, ու զույգը համատեղ կյանքն այլեւս չի պատկերացնում, սկսվում է ամուսնալուծության գործընթացը»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց փաստաբանը:
Ըստ նրա՝ ամուսնալուծության գործոններից են նաեւ վաղ տարիքում ամուսնությունները կամ ամուսնությունից առաջ իրար վատ ճանաչելը. «Ամուսնալուծությունների միտումը ավելացել է, այստեղ մեծ անելիք կա, թեկուզ դատական մասով, օրենսդրությամբ դատարաններն ունեն որոշակի պարտավորություն հաշտեցնել կողմերին, դատարանն իրավունք ունի որոշակի ժամկետ տրամադրել կողմերին հաշտվելու, լեզու գտնելու համար, բայց, սովորաբար, դատարանի տված ժամկետը ձեւական բնույթի ունի, մեծ անելիքներ ունեն նաեւ կողմերի ներկայացուցիչները, այսինքն այդ գործընթացին նայեն որպես հաշտարար»:
Հոգեբան Աննա Բադալյանի դիտարկմամբ՝ ընտանեկան խնդիրները անհատական մոտեցումներ ունեն. «Հաճախ լինում են դեպքեր, որ ամուսնալուծությունը ելք է ոչ միայն ամուսինենրի, այլեւ երեխաների համար, որովհետեւ տան կոնֆլիկտները ճակատագրական են լինում երեխաների համար»:
Նա նկատեց, որ տարիներ առաջ, երբ հայկական ավանդական ընտանիքում համատեղ ապրում էին տարբեր սերնդի ներկայացուցիչներ, կոնֆլիկտները լուծվում էին լռության մեջ, ինչը, ըստ հոգեբանի, բռնության մի այլ ձեւ է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ