Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհալի պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները:
Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացնում ենք բնատուր տաղանդի տեր ևս մեկ, նույնպես 14-ամյա պատանու մասին պատմող տեսանյութ: Գյումրու ամենամեծ, քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկում է բնակվում պատանի նկարչի` Հոբի բազմանդամ ընտանիքը: Պատանին թեև նկարչական դպրոց չի ավարտել, սակայն մի տարի է՝ մասնավոր պարապմունքների է գնում գյումրեցի ճանաչված նկարիչներից մեկի մոտ: Եվ այսօր արդեն նրա ստեղծագործությունները դիտելիս պարզապես անհնար է անտարբեր մնալ ու չհիանալ պատանի նկարչի տաղանդով:
Հ. Գ. Այսօր պատանի նկարչի ընտանիքին հրաժեշտից առաջ մեր այն հարցին, թե ինչ կցանկանային «Շիրակ կենտրոնից», պատասխանեցին՝ միայն նկարչական պարագաներ, ներկեր և թուղթ: Առաջիկա օրերին մենք կրկին կայցելենք նրանց տուն ու մեր բազմաթիվ բարեգործական ծրագրերի հովանավորներ, ամերիկահայ բարերարներ Վարդան Նազարյանի և Հերման Խնդիրյանի աջակցությամբ կնվիրենք նկարչական անհրաժեշտ պիտույքներ:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: