Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի կարծիքով, Հայաստանում շարունակում է լ ուրջ խնդիր մնալ պատրաստի արտադրանքի արտահանումը: Նա կարծում է, որ ԵԱՏՄ-ում այս խնդիրը կարողացել ենք լուծել: ԵԱՏՄ-ում լուծել ենք նաեւ ավելի մատչելի էներգոռեսուրսների խնդիրը: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը հետազոտություն է հրապարակել, որում անդրադառնում է 2017 թվականին Հայաստանի տնտեսության շարժերին:
«Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ-արտահանում 30% հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը։ 2017թ. արտահանումն առաջին անգամ գերազանցեց $2 մլրդ, կազմելով` 2.2 մլրդ դոլար: Փաստացի 2017թ. ընթացքում ունենք 25% արտահանման էական աճ: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճեց մոտ 50%, ինչը կարևորագույն գործոն է ՀՀ մրցունակության աճի ԵԱՏՄ անդամակցության պայմաններում: Առաջնահերթ խնդիր է նաև արտահանման հետագա բազմատեսականացումը։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները՝ արտահանումը $3 մլրդ-ի հասցնելու համար»,- ասված է հետազոտության մեջ։
Այսօր, «Արմենպրես» մամուլի սրահում, ներկայացնելով իր հետազոտության արդյունքները, Աշոտ Թավադյանն ասաց. «Արտահանման գիծը ճիշտ է գնացել, աճ կա»:
Տնտեսագետը նկատում է`ուղղակի ներդրումների խնդիրը Հայաստանում դեռ լուծված չէ, չենք ստացել ակնկալվող գումարները` Նաիրիտի, Մարսի եւ այլ գործարանների մասով: Հիշեցնենք, դրանք հիմնականում ռուսական ներդրումներ պետք է լինեն: Աշոտ Թավադյանն ասում է`դա կապված է միջազգային իրադրության հետ: Նկատի ունի ՌԴ-ի դեմ սաստկացող արեւմտյան պատժամիջոցները: Սրանով հանդերձ, նա արձանագրում է, որ ներդրումների առումով ՌԴ-ն առաջին տեղն է զբաղեցնում մեր երկրում:
Տնտեսագետն անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին պարտքին, որը հասնում է ՀՆԱ-ի 60-ին: Հիշեցնում է`իր` ՎՊ նախագահ եղած ժամանակ վերապահում է հայտնել որոշ վարկերի առումով. «Եկել է ժամանակը դրանք մարելու»: Հույս ունի, որ ՀՀ կառավարությունը կկարողանա հավասարակշռված քաղաքականություն վարել, որպեսզի սոցիալական խավին էլ ավելի վատ դրության մեջ չդնի:
Աշոտ Թավադյանը, սակայն, դրական է գնահատում պաշտպանության եւ ՀԱԷԿ-ի համար ՌԴ-ից ստացած վերջին վարկերը: Հիշեցնենք, դրանք ընդհանուր առմամբ 600 միլիոն դոլար են կազմում:
Հարցին` տնտեսական աճ կա, աշխատավարձի բարձրացում չկա`ո՞ւր են գնում այդ գումարները, Աշոտ Թավադյանն ասաց. «Այդ գումարները գնում են պաշտպանության ամրապնդմանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ