Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան Վրաստանի փոխվարչապետի, ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել, որ ջերմությամբ է հիշում անցած տարվա ամռանը Գիորգի Գախարիայի հետ Երևանում ունեցած հանդիպումը մեկ այլ՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնում, երբ քննարկման թեման հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն էին: Նախագահ Սարգսյանը նաև առանձնակի ջերմությամբ է հիշել անցած տարեվերջին Վրաստան կատարած իր պաշտոնական այցը և հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության ու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի հետ: Այս համատեքստում Հանրապետության Նախագահը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է հաճախակի փոխայցերը և հույս հայտնել, որ նախարար Գախարիայի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացմանը: Զրուցակիցները երկուստեք կարևոր են համարել այդ ոլորտում փոխգործակցությունը և բարեկամ երկու երկրներում անվտանգության ու կայունության ապահովումը նաև տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում առաջընթաց ու ձեռքբերումներ արձանագրելու տեսանկյունից:
Գիորգի Գախարիան Հանրապետության Նախագահին ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի հետ ունեցած արդյունավետ հանդիպման ժամանակ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք, ըստ նրա, ներառում են նաև սահմանամերձ տարածաշրջանները, որտեղ նույնպես կան յուրահատուկ մարտահրավերներ: Նախարար Գախարիայի համոզմամբ, այդ մարտահրավերները միասնաբար ավելի հեշտ կլինի դիմագրավելը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն