Փետրվարի 16-ին Հունգարիայի Գյոր քաղաքում մեկնարկել է Հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Եվրոպայի առաջնություն 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 650 մարզիկ:
Երեկ՝ փետրվարի 23-ին,10մ, վազող թիրախ, 30+30 կրակոց, երիտասարդների վարժությունում 13 մրցակցից գյումրեցի Հովհաննես Մարգարյանը, խոցելով 559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակչում 6:0 հաշվով պարտվել է 1-ին հորիզոնականով եզրափակիչ անցած ուկրաինացի Դենիս Բաբլիուկին, սակայն եզրափակչում 6:1 հաշվով հաղթել 2-րդ տեղով եզրափակիչ անցած ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին և այդպիսով նվաճել բրոնզե մեդալ: Հովհաննես Մարգարյանի անձնական մարզիչն է Էդվարդ Ղարիբյանը:
10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց տղամարդկանց վարժությունում 68 մրցակցից Հրաչիկ Բաբայանը, խոցելով 623,5 միավոր, գրավել է 26-րդ տեղը, իսկ Քրիստիան Լաուերը, խոցելով 612,2 միավոր, գրավել է 64-րդ տեղը:
Նույն վարժության կանանց պայքարում 84 մրցակցուհուց Իրինա Լաուերը, խոցելով 617,3 միավոր, գրավել է 62-րդ տեղը, իսկ Մարիամ Միքայելյանը, խոցելով 615,8 միավոր, գրավել է 69-րդ տեղը:
10մ, օդամղիչ ատրճանակ, խառը թիմային վարժությունում մասնակից 50 թիմից Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան զույգը, խոցելով ընդհանուր 762 միավոր, գրավել է 14-րդ տեղը:
Այսօր տեղի կունենա օդամղիչ հրացան, խառը թիմային վարժությունը, որին կմասնակցեն Հրաչիկ Բաբայան և Մարիամ Միքայելյան, Քրիստիան և Իրինա Լաուերներ զույգերը, Հովհաննես Մարգարյանը կմասնակցի վազող թիրախ՝ խառը վազք վարժությանը, Էլմիրա Կարապետյանը և Նորայր Առաքելյանը կմրցեն օդամղիչ ատրճանակ անհատական վարժություններում: Այսօրվա մրցումներից հետո հայ մարզիկները կավարտեն մրցելույթներ և կվերադառնան հայրենիք:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնակցում է 14 մարզիկ` հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը,Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը,Նարեկ Ադամյանը,Իրինա Լաուերը (Աղաջանյան), Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձևից՝ Նորայր Առաքելյանը, Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձևից՝ Լիլիթ Մկրտչյանը և Հովհաննես Մարգարյանը:
Մրցման առաջին օրը Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայկ Բաբայանը նվաճել էր Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր և գրավել 5-րդ տեղը:
ՀՀ հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ՝ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:
Հավաքական թիմը հայրենիք կվերադառնա փետրվարի 25-ին ժամը 10:00-ին:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա