Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հավատում եք հեքիաթների…

Փետրվար 24,2018 10:00

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ մենք` լրագրողներս, խոսեցնում ենք Շարժման առաջնորդներին եւ ակտիվ մասնակիցներին: Նրանց մեծ մասն իրեն պահում է զուսպ եւ արժանապատիվ՝ չփորձելով հին հաշիվներ մաքրելու ձգտմամբ վարկաբեկել մեր նորագույն պատմության այս կարեւոր էջը: Երբեմն էլ այլ կերպ է ստացվում:

Խաչիկ Ստամբոլցյանը, որը նույնպես որոշակի դեր է խաղացել այդ Շարժման մեջ, երեկ «վերահաստատել է» այն առասպելը, որ «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամներ, իսկ ավելի կոնկրետ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Մանուչարյանը եւ Ալեքսան Հակոբյանը, խորհրդային «կագեբե»-ի գործակալներ էին: Ոչ թե քաղաքական սխալներ են թույլ տվել, ինչպես որ դա արել են աշխարհի բոլոր քաղաքական գործիչները, այլ 1988-90 թվականներին ուղղակիորեն կատարում էին ուրիշի կամքը:

Նման մեղադրանքների որեւէ լուրջ ապացույց, իհարկե, գոյություն չունի: Երբ 1994 թվականին նույն Աշոտ Մանուչարյանը նույն մեղադրանքը հնչեցրել էր իմ հասցեին, ես հետաքրքրվեցի՝ ի՞նչ կլինի, եթե ես նրան դատի տամ: Պարզվեց հետեւյալը՝ ոչ մի հատուկ ծառայություն տեղեկանք չի տալիս, որ այս կամ այն անձնավորությունը եղել է կամ չի եղել իր գործակալը: Բայց դատարանում նման տեղեկանք պետք էլ չի, որովհետեւ Մանուչարյանը պետք է ապացուցի, որ ես «կագեբեի» գործակալ եմ եղել, ոչ թե ես ապացուցեմ, որ չեմ եղել: Բայց ես, բնականաբար, ոչ մեկին չէի պատրաստվում դատի տալ՝ մանավանդ Աշոտ Մանուչարյանին եւ հատկապես նման անհեթեթ մեղադրանքի պատճառով: Պարզ է, որ հիշյալ անձինք էլ դատի չեն տա. եթե անգամ այդ գործիչներին հետաքրքրի, թե ինչ է նրանց մասին ասում Խաչիկ Ստամբոլցյանը, նրանք, ամենայն հավանականությամբ, քմծիծաղ կտան ու կմոռանան դրա մասին:

Այդ դրվագին թերեւս չարժեր ընդհանրապես անդրադառնալ, եթե մենք ապրեինք առողջ հասարակության մեջ: Ամեն վայրկյան ինչ-որ մեկը ինչ-որ մի բան բստրում է՝ այլմոլորակայինների, մասոնների կամ զանազան հատուկ ծառայությունների գործակալների մասին: Բայց մենք ապրում ենք բավականին թունավոր միջավայրում, նկատի ունեմ հատկապես դրա վիրտուալ, «ֆեյսբուքյան» մասը: Տարհամոզել մարդկանց, որոնք ապրում են առասպելներով, իհարկե, անշնորհակալ գործ է, եւ ես, բնականաբար, նման նպատակ չունեմ: Պարզապես արձանագրում եմ, որ նման մարդկանց օդուջրի նման Խաչիկ Ստամբոլցյան է պետք:

Ի դեպ, եթե վերցնես նշված գործիչների ծննդյան տարեթվերը, գումարես դրանք, այնուհետեւ բաժանես որոշակի թվի եւ գումարես «իքս» թիվը, ապա կստացվի 666:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հերթական անեկդոտ՝. «կագեբե»- ն (Պ.Ա. կոմիտեն), նրա «ձվերը» եւ դեղնակտուց «Ղարաբաղ» կոմիտեականները:
    Դրանց մեռնելուց հետո կասեմ (կասեն)՝. «Գնա մեռի՝ արի թքեմ ճակատիդ»:

  2. gib.gibindus says:

    Ի՞նչ ա խոսում, արա: Ո՛նց կարող ա Լևոնն ու Աշոտը ԿԳԲչնիկ ըլեն: Իրա օրում: Բայց հմի էդ ԿԳԲչնիկ ըլելը լավ ա՞, թե՞ վատ:

  3. Artur Lazarian says:

    Տարիներ առաջ շատ էի ոգեւորուել ֆեյսբուքի ի յայտ գալով: Նորութիւն էր, քոչարեանական կիսաբռնապետական ժամանակաշրջանից անմիջապէս յետոյ էր, ազատ խօսք եւ այլն:

    Տարիներ անց ես հիասթափուեցի ՖԲ-ից: Ֆեյսբուքից ես շատ օգուտներ եմ քաղել (հումոր, գիտական, մշակութային, լեզուաբանական, քաղաքական թեմաներ, ամենօրեայ կապ ընկեր-ծանօթների հետ եւ այլն, սակայն այդ ամէնը չնչին տոկոս էր կազմում: Ցաւօք սրտի, մեծ մասը աղբ էր, որից չես կարող խուսափել (խօսքս հայկական տիրոյթի մասին է). մաղձ, թոյն, ատելութիւն, չարութիւն, հայհոյանք, կրօնական, քաղաքական մոլեռանդութիւն, անհանդուրժողականութիւն, լատինատառ հայերէն, դաւադրութիւնների տեսութիւն … Առողջ բանավէճ, առաջընթաց չկայ: Ինչքան կարելի է նոյն ցեխում բուքսիր անել:

    Յ.Գ. Ես անասելի երջանիկ մարդ եմ, որ ֆեյսբուքս ջնջել եմ:

  4. Հ.Շ. says:

    Պարզ ու յստակ է թէ Արցախի պատերազմի նախնական դրուագներին իսկապէս կամ ենթադրեալ կերպով մասնակցած անձերէն մի քանի հատը, այժմ, դարձած են կարգին liability, երկրին համար: Ցաւալի է:

    Իսկ, որպէս վարկած, թէ որ Լեւոն Տէր-Պետրոսեանը եւ այդ միւսները ենթադրաբար եղել են KGB-ի անդամներ… so what ?!! Հաւանական է որ, յատկապէս 1970-ական թուականներին, հայոց ազգային գործիչներէն շատեր կամ KGBի հետ կապ ունէին, կամ CIAին – իսկ ամենավարպետների պարագային՝ երկուքի՛ն ալ – : Իսկապէս չեմ հասկանում թէ ինչո՞ւ այդ պիտակումը այդքան վիրաւորական է… Լեւոն Տէր-Պետրոսեան անշուշտ թէ գործեց ծանր սխալներ, սակայն անոնք կապ չունէին իր KGB լինելու կամ չլինելու հետ:

    Կէտ մը եւս, թոյլ տուէք ՝ «Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ մենք` լրագրողներս, խոսեցնում ենք Շարժման առաջնորդներին եւ ակտիվ մասնակիցներին: » Շատ լաւ նախաձեռնութիւն է: Սակայն ստիպուա՞ծ էք անոնցմէ ամէն մէկուն ամէն մի ըսածը բերելու ու շարելու, բառ առ բառ հրատարակելու ձեր թերթերուն մէջ, նամանաւանդ Համացանցի վրայ… Ա՞յդ ալ ֆէյսուքի յանցանքն է…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728