Լրահոս
Օրվա լրահոսը

18 տարեկանը լրանալուց հետո խնամատար ծնողները երեխայից չեն հրաժարվում. խնամիություն, տատիկ-պապիկություն են անում

Փետրվար 24,2018 16:00

Մանկատներն ու շուրջօրյա խնամքի կենտրոնները բեռնաթափելու նպատակով պետությունն արդեն քանի տարի է՝ այս ոլորտում բարեփոխումներ է իրականացնում: Նպատակն այն է, որպեսզի այնտեղ խնամվող երեխաներն այդ հաստատություններից դուրս բերվելուց հետո վերադառնան կամ կենսաբանական, կամ խնամատար ընտանիքներ: Այսինքն` եթե շատ երեխաներ մանկատանն են հայտնվում ընտանիքի սոցիալական վատ վիճակի պատճառով, ապա մանկատանը երեխայի խնամքի համար նախատեսվող գումարները պետք է ուղղվեն այդ ընտանիք, սոցիալական ծառայություններն աջակցեն, որպեսզի ընտանիքը կարողանա երեխայի խնամքը ընտանիքում կազմակերպել: Սակայն եթե երեխայի` մանկատանը հայտնվելու պատճառն այլ է, ապա երեխաներին կհանձնեն խնամատար ընտանիքի խնամքին: Սա խնամատար ընտանիքի համար դիտարկվում է որպես աշխատանք եւ նույնիսկ ստաժ է հաշվվում:

«Առավոտի» հետ զրույցում «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանն ասաց, որ նախքան խնամատար ընտանիքին հանձնելը՝ դիմելու են երեխայի հարազատներին` քեռուն, մորաքրոջը, տատիկ-պապիկին, եթե այդպիսիք կան, եւ նրանց է առաջարկվելու երեխայի խնամքը ստանձնել` կրկին նախատեսված վարձատրության պայմանով: Սակայն եթե այդ տարբերակն էլ բացառվի, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքով կզբաղվի խնամատար ընտանիքը: Այս պահին Վանաձորի մանկատանը, Միրա Անտոնյանի խոսքով, խնամատար ընտանիքի է սպասում 35 երեխա: 80 ընտանիք էլ պատրաստվել է խնամատար ծնող լինելու: Մինչ իրար հանդիպելը, տիկին Անտոնյանի ներկայացմամբ, թե՛ խնամատար ծնողները, թե՛ երեխաները ամիսներ շարունակ պատրաստվում են: Խնամատար ընտանիքները խորհրդատվություն են ստանում, նրանց հետ թերապեւտիկ աշխատանք է տարվում:
Այդ ընտանիքները երեխային խնամելու ժամանակահատվածում վարձատրվում են յուրաքանչյուր երեխայի համար 135 հազար դրամ:

Ոչինչ ստիպողաբար չի լինում. եթե երեխան չի ցանկանում, նրան խնամատար ընտանիքի խնամքին չեն հանձնում: Ի դեպ, ի տարբերություն որդեգրման՝ խնամատար ընտանիքին հանձնելու դեպքում ոչ թե ծնողն է ընտրում երեխային, կամ երեխան` ծնողին, այլ կազմակերպության մասնագետներն են երեխայի կարիքներից ու շահերից ելնելով նրա համար առաջարկում խնամատար ընտանիք. «Հաշվի է առնվում, թե որ ծնողներն են, որոնք կարող են խնդրի հետ ավելի արդյունավետ աշխատել, համադրումը այդպես է լինում՝ երեխայի կարիքներին համապատասխան ունակություններ, կարողություններ, հմտություններ ունեցող ընտանիքներ»,- պարզաբանում է Միրա Անտոնյանը:
18 տարեկանը լրանալու դեպքում խնամատար ընտանիքն այլեւս չի վարձատրվում, սակայն, ինչպես Միրա Անտոնյանն է ասում, լինում են ընտանիքներ, որ շարունակում են երեխաներին պահել: Խնամատար ընտանիքներից եւ ոչ մեկը երեխային խնամելու ժամկետը վերջանալուց հետո, անգամ վարձատրության դադարեցման պայմաններում, չի հրաժարվել իրենց խնամած երեխայից, ավելին, տիկին Անտոնյանի խոսքով, նույնիսկ նշանդրեք են արել, հարսանիք են կազմակերպել, թոռնիկին են գնացել տեսության եւ մինչ օրս խնամիություն, տատիկ-պապիկություն են անում:

Ըստ մեր զրուցակցի՝ մեծ զգուշությամբ են ընտրվում խնամատար ծնողները, «Նրանք պիտի ունենան մեծ իմաստնություն, շատ մեծ համբերություն, շատ ազնիվ լինեն իրենց մղումների մեջ, շատ մեծ պատրաստակամություն ունենան, շուտ չհիասթափվեն, որովհետեւ այս երեխաները կարող են երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ անել: Երեխաներն իհարկե հրաշալի պոտենցիալ ունեն, բայց այդ պոտենցիալը բացահայտելու, դրական կողմերը բացահայտելու համար պիտի համբերություն ունենան: Եվ հենվելով այդ դրական կողմերի վրա` փոխել նրանց արժեհամակարգը եւ դարձնել ընտանիքի երեխա»:
Հարցին, թե ժամանակահատված սահմանվա՞ծ է, որ երեխան այսքան ժամանակ պետք է խնամվի խնամատար ընտանիքում, տիկին Անտոնյանը պատասխանեց` նման ժամկետ գոյություն չւոնի. «Բազիսը, որի վրա կառուցվում է այդ ժամկետը, երեխայի կարիքներն են: Եթե, օրինակ, ծնողը գտնվում է բանտում` ազատազրկման վայրում, եւ այդ երեխան հինգ տարի պիտի գտնվի մանկատանը, ի սկզբանե խնամատար ծնողը գիտի, որ ինքը հինգ տարի պիտի պահի երեխային՝ մինչեւ ծնողը վերադառնա բանտից, եթե այդ վերամիավորումը բխում է երեխայի շահերից: Ժամկետը պայմանավորված է երեխայի ծնողազուրկ մնալու հանգամանքով»:

Մեր այն հարցին էլ, թե ստանո՞ւմ են արդյոք կենսաբանական ծնողի համաձայնությունը երեխային խնամատար ընտանիք հանձնելու դեպքում, Միրա Անտոնյանն ասաց, որ լքված երեխաները ճանաչվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ. «Մենք, որպես կանոն, չենք փնտրում ծնողին, բայց եթե ծնողը հայտնվում է մի օր, մենք չենք արգելում երեխային նրա հետ շփվել, խնամատար ընտանիքին մենք պատրաստում ենք, ինքն էլ պիտի պատրաստ լինի այդ կապերը պահելու: Մենք ունենք խնամատար ընտանիք, որ խնամատար ծնողն ամեն շաբաթ երեխային տանում էր բանտ, որ իր մոր հետ հանդիպի, այսինքն` խնամատար ծնողն իր դերը հասկանում է, այս ընթացքում քանի դեռ երեխան առանց ծնողի է մնացել, խնամատար ծնողը փոխարինում է ծնողին, բայց վերջնական նպատակը ընտանիքի վերամիավորումն է. եթե կենսաբանական ծնողը ցանկանում է այդ վերամիավորումը, ուրեմն ժամկետը կլինի այնքան, մինչեւ այդ վերամիավորումը տեղի ունենա: Բայց ունենք դեպքեր, որ կենսաբանական ծնողը չի ցանկանում իր երեխային, կամ երեխան չի ցանկանում վերադառնալ իր իսկական ծնողների մոտ: Կան ծնողներ, որոնք ե՛ւ չեն ցանկանում պահել իրենց երեխային, ե՛ւ խանդում են ու չեն ցանկանում, որ իր երեխային պահի խնամատար ընտանիքը: Շատ ավելի տարածված են այդ դեպքերը: Այդ դեպքում եռանկյուն հարաբերություններ ենք ձեւավորում. ծնողն իրավունք չունի գնալու այդ ընտանիք եւ խաթարելու այնտեղ անդորրը: Եթե ինքը ցանկանում է հանդիպումներ իր երեխայի հետ, ապա դա կազմակերպվում է կամ մեր կենտրոնում, սոցիալական ծառայությունում, մանկատանը, մի չեզոք տեղում, որտեղ կառավարվում է մասնագետների կողմից այդ հանդիպումը, որպեսզի ո՛չ կենսաբանական ծնողը երեխային տրամադրի խնամատար ծնողի դեմ, ո՛չ խնամատարը երեխային տրամադրի կենսաբանականի դեմ: Երեխան պետք է լինի միշտ հավասարակշռված պայմաններում: Խնամատար ընտանիքի մոդելը բարդ, բայց չափազանց հումանիստական մոդել է, որը թույլ է տալիս ընտանեկան պայմանները խաթարված երեխայի համար նոր ընտանիք գտնել»:

Միրա Անտոնյանն ասաց, որ փնտրում են խնամատար ծնողներ, որոնք ցանկության դեպքում կարող են զանգահարել իրենց կազմակերպության հեռախոսահամարով` 060 54 01.50, գրանցվեն ու վերապատրաստվելուց հետո երեխաներ վերցնեն:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

23.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728