Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում էինք, էլի, ԵԱՏՄ-ն բանի պետք չէ

Փետրվար 24,2018 15:30

«ԵԱՏՄ-ն բանի պետք չէ-3» նյութում՝ գրել էինք, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը տնտեսվարողների համար մշակել է ուղեցույցներ, որոնք պարունակում են արդիական եւ համապարփակ տեղեկատվություն արտահանման հետաքրքրություն ներկայացնող շուկաների մասին: Ընտրվել է 5 երկիր, որոնցից ոչ մեկը ԵԱՏՄ անդամ չէ` Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրան, Կատար։ Եզրակացրել էինք. ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կարծիքով էլ` ԵԱՏՄ-ն բանի պետք չէ:

Հրապարակմանն արձագանքել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը: «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները գտնվում են միեւնույն մաքսային տարածքում, ինչը նշանակում է, որ փոխադարձ առեւտրում մաքսազերծում չի իրականացվում: Միության անդամ երկրների տարածքում հիմնականում գործում են միասնական ընթացակարգեր (բացառությամբ որոշ վերապահումների, որոնք, սակայն, ժամանակավոր բնույթ են կրում): Արտահանողի համար ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից մշակված ուղեցույցները կոչված են տնտեսվարողին ապահովել արժանահավատ ու արդիական տեղեկատվությամբ՝ դյուրացնելու արտահանման գործընթացը: Նախարարության կողմից ուղեցույցներ են մշակվել մասնավորապես երրորդ երկրների թիրախային շուկաների համար, քանի որ ներմուծման ընթացակարգերում վերջիններս ունեն որոշակի առանձնահատկություններ»,- գրված է նախարարության պատասխանում:
Չզարմանաք. այս պատասխանը ապացուցում է մեր պնդումը. ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կարծիքով էլ` ԵԱՏՄ-ն բանի պետք չէ: Նախարարությունը գրում է՝ ԵԱՏՄ երկրների տարածքում հիմնականում գործում են միասնական ընթացակարգեր՝ բացառությամբ որոշ վերապահումների, որոնք, սակայն, ժամանակավոր են: Եվ՝ երրորդ երկրների թիրախային շուկաներ ներմուծման ընթացակարգերում որոշակի առանձնահատկություններ կան:

Բացառություններն ու առանձնահատկությունները նույն բանն են՝ տարբերություն: Ուրեմն ԵԱՏՄ երկրներ ապրանք արտահանելն էլ խաղուպար չէ, պետք է տեղյակ լինես, ինչպես ոչ ԵԱՏՄ երկրներ: Նախարարությունը չի ասում, որ մեր գործարարները սեփական նախաձեռնությամբ կամ պետական կառույցների օգնությամբ խորությամբ ծանոթացել են ԵԱՏՄ երկրներ արտահանում-ներմուծումների «որոշ վերապահումներին» եւ ուղեցույցի կարիք չունեն: Իրականում մեր գործարարները չեն աշխատում ԵԱՏՄ երկրներ արտահանումների ուղղությամբ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականին Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկեր երկրների լավագույն տասնյակում ԵԱՏՄ-ից միայն Ռուսաստանն է: ԵԱՏՄ այլ երկրները մեր գործարարների համար արտահանումների թիրախային շուկա չեն: Դրա համար էլ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը տնտեսվարողների համար մշակել է այլ երկրներ արտահանումների ընթացակարգերի մասին ուղեցույցներ: Լավ է արել: Վատ է անում, որ չի խոստովանում, որ, իր կարծիքով, ԵԱՏՄ-ն բանի պետք չէ:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

23.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728