Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սիրիացիները Հայաստանում հայրենիք չգտան»

Փետրվար 24,2018 15:00

Ասում է Լիբանանի հատուկ ջոկատների
ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալը

58-ամյա Եղիա Արթինի Քեոշկերյանը երեկ Նոր Նորքից ոտքով էր հասել «Առավոտի» խմբագրություն՝ բարձրաձայնելու իր խնդիրների մասին: Նա 1990թ.-ից Հայաստանում է, 2011-ին ստացել է փախստականի կարգավիճակ: Նրա բողոքը ներկայացնում ենք առանց կրճատման:

– Հանրակացարանի սենյակը ստացել եմ «Առավոտում» լրագրող Ռուզան Մինասյանի կողմից խնդիրներս բարձրաձայնելուց հետո: Դրանից առաջ ապրել եմ փողոցում՝ Հանրապետության հրապարակում:

Ինձ հատկացրին Նոր Նորքի Մոլդովական 29/2 հասցեի հանրակացարանի 716 սենյակը (հեռ.՝ 094-10-71-33), որը զուրկ է կենցաղային տարրական հարմարություններից, ամեն ամիս գալիս եւ ուզում են վերելակի, աղբի, լույսի, ջրի վարձերը: Ես չեմ աշխատում, թոշակ եւ նպաստ չեմ ստանում, տարել եմ 4 վիրահատություն, որից 3-ը՝ Հայաստանում: Ես նաեւ հաշվառված եմ հոգեբուժարանում, քանի որ Լիբանանի պատերազմի ժամանակ ստացել եմ կոնտուզիա: 1974 թվականից, երբ 14 տարեկան էի, եղել եմ հատուկ ջոկատի անդամ, մասնագիտությամբ զինվորական եմ, եղել եմ Լիբանանի հատուկ ջոկատների ռազմական ոստիկանության պետի տեղակալ: Բազմաթիվ անգամ վիրավորվել եմ: Ապրում եմ մենակ:
Աշխատանք չեն առաջարկել, բայց ամեն օր ուզում են վարձերը, ստիպում են, որ տամ վարձերը, ամեն օր դուռը թակում եւ աղբի փող են ուզում: Լինում է այնպես, որ օրերով սոված եմ մնում:

Երեկ գնացել եմ Նոր Նորքի թաղապետարանի իրավաբանական վարչություն, բացատրեցի վիճակս, ասացի, որ չեմ աշխատում, չեմ կարող վճարել աղբի համար: Փոխանակ ընդառաջեն, ասացին, որ պետք է անպայման մուծել՝ մեզ հետաքրքիր չէ՝ սիրիացի ես, թե որեւէ այլ տեղից, Ազգային ժողովն է որոշել, որ պետք է վճարեք, գնա Ազգային ժողով:
Գողությո՞ւն անեմ, եթե չեմ աշխատում, որտեղի՞ց պետք է վճարեմ:
Այդքանից հետո հոգնել եմ, առողջություն չունեմ՝ գնալ-գալ, սրան-նրան խնդրել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր, երբ ես փողոցում էի, հրապարակում, ինձ աջակցել են՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, Սփյուռքի նախարարությունից Ֆիրդուս Զաքարյանին, SOS բարեգործական կազմակերպության ղեկավար Աշոտ Քոչարյանին, ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել եւ հեռանալ Հայաստանից, գնալ Թուրքիա:
Թուրքիայում որոշ սիրիացիներ ապաստան են գտել, ստացել են ապրելու տեղ, աշխատում ու ապրում են հանգիստ: Ես փորձեցի սրտակից հայրենիք գտնել Հայաստանում:
Գտա հայրենիք, որտեղ ղեկավարությունը դրդում է, որպեսզի բոլորը հեռանան: Սիրիացիները հեռանում են, քանի որ գերադասում են Սիրիայում՝ պատերազմի վտանգի տակ ապրել:

Թող ինձ նվազագույն աշխատավարձով աշխատանք տային, հետո գլուխս ջարդեին, որ վճարում չկատարեմ: Ինձ նման Սիրիայից շատ ընտանիքներ եկան, սակայն չկարողանալով տանել անարդարությունները, գնացին Սիրիա ու այնտեղ մահացան՝ ընկնելով ռմբակոծության տակ:

«Առավոտ»

23.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728