Համոզված է բանաստեղծուհի Սոնա Վանը
– Հարգելի Սոնա, փետրվարի 17-ին «Հրապարակ» թերթում տպագրված էր «Նարցիս» հանդեսի փոխխմբագիր Շանթ Մկրտչյանի ահազանգը` ամսագրի ֆինանսական ճգնաժամի եւ փակման եզրին կանգնած լինելու վերաբերյալ: Ընթերցող հասարակության համար «Նարցիս» անունը ակամայից կապվում է ձեզ հետ` որպես 12-ամյա հանդեսի հիմնադիր, հովանավոր ու գլխավոր խմբագիր եւ սակայն փոխխմբագիրը իր մտահոգությունները բարձրաձայնելիս ոչինչ չէր նշել ձեր կամ այս ճգնաժամի հետ կապված ձեր կեցվածքի եւ ապագա քայլերի մասին: Ընթերցողի համար այդպես էլ ձեր լռությունը մնում է անհասկանալի: Ո՞րն է այս անակնկալ ճգնաժամի պատճառը: Որքանո՞վ էիք դուք տեղյակ փոխխմբագրի հայտարարությանը եւ ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
– Մամուլում փետրվարի 17-ին կատարված հայտարարության մասին ես տեղեկացել եմ լրագրողների զանգերի միջոցով: Հայտարարության բովանդակությունը ինձ համար նորություն չէր, որովհետեւ նմանատիպ մի սրտաճմլիկ գրություն զետեղվել էր նաեւ «Նարցիսի» վերջին համարում, որպես խմբագրական խոսք` առանց ինձ այդ մասին տեղեկացնելու: Այդ առումով ես իմ դժգոհությունը արտահայտեցի նրանով, որ ստիպված եղա ամբողջովին վերահրատարակել համարը: Խնդիրն այն չէ, որ «Նարցիսը» փակելու միտքը ինձ երբեւէ չի այցելել: Ավելին: Ես այդ մասին առաջին անգամ մտածել եմ հինգ տարի առաջ` Վահան Վարդանյանի մահվան օրը: Զավեշտաբար կամ Աստծո կամոք, փետրվարի 17-ին կայացած Շանթ Մկրտչյանի պաշտոնական հայտարարությունը զուգադիպում է «Նարցիսի» անդրանիկ խմբագիր եւ համահիմնադիր Վահան Վարդանյանի մահվան հինգերորդ տարելիցին եւ լավ կլիներ, որ նա իր խոսքը սկսեր հենց դրանով: Շանթը (նաեւ խմբագրակազմի մյուս անդամները) «Նարցիս» է եկել Վահանի հրավերով: Այ, այ, այ Շանթ:
Հենց նրա մահվան օրն եմ բնազդով զգացել, որ Վահանի կենդանի խոսքի վիթխարի էներգիայի եւ դրա հետ բախվելու իմ բնազդային մղումի արդյունքում ծնված «Նարցիսը» այլեւս նույնը չէր կարող լինել: Իմ մասնակցությունը «Նարցիսի» ստեղծագործական կյանքի առաջին հինգ տարիներին մշտապես միջնորդավորված է եղել մեր ամենօրյա երկարատեւ հրաբխային վեճ-քննարկումներով: Սխալ չի լինի ասել, որ վերջի՛ն հինգ տարիների ընթացքում իմ ներկայությունը ամսագրում եղել է միայն այդ ուժի իներցիայի դրսեւորումը, որը, ըստ ֆիզիկայի օրենքի, մի օր պիտի հասներ իր հոգեբանական ավարտին: Թեեւ «Նարցիսը» հսկայական գործ է կատարել իր գոյության տասներկու տարիների ընթացքում, բայց վերջին տարիներին, երբ դաշտն այլեւս խոպան չէր եւ արդեն իսկ կային մրցակից գրական հարթակներ, ինչպես օրինակ` «Անդինը», «Գրեթերթը» եւ ուրիշներ, «Նարցիսը» այլեւս թերանում էր արձագանքել նոր ժամանակի պահանջներին, այդպես էլ չկարողանալով դառնալ ինտերակտիվ, թրթռան ու բազմաֆունկցիոնալ արվեստաբանական եւ գրաքննական համարձակ վեճերի անաչառ ամբիոն, ինչպիսին ես եւ Վահանը տեսնում էինք «Նարցիսի» մետամորֆոզը` եկող ժամանակներում: Բարեբախտաբար, այսօր այդ տեսիլքը իրագործում է «Գրանիշը»` իր երիտասարդական ինտուզիազմով, նոր մտածողությամբ ու հետեւողականությամբ, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաների բոլոր հնարքները: Եվ եթե «Նարցիսը» իրոք հայտնվել է ճգնաժամի կամ փակուղու առջեւ, ապա դա ոչ թե ֆինանսակա՛ն ճգնաժամ է, այլ հենց տեսլականի, գաղափարի ու հոգեւոր էներգետիկայի ճգնաժամ: Ինձ համար շատ դժվար է սա ընդունելը, ինչպես որ դժվար է սեփական զավակիդ թերացումները ընդունելը, բայց պարտավոր եմ ընթերցողին եւ ձեզ իրազեկել շատերի համար սիրելի դարձած «Նարցիսի» փակուղու հանգամանքները: Ճիշտ եք նկատում, որ ամսագրի ճակատագրի հետ կապված հայտարարությունը պետք է հնչեր նախ եւ առաջ այն հիմնադրողի կողմից, բայց էթիկայի խախտումն արդեն իսկ տեղի է ունեցել եւ այն շրջելը արդեն ուշ է: Ինձ մնում է հայցել սիրելի ընթերցողի եւ «Նարցիս» գրական հարթակին ապավինող գրողների ներողամտությունը եւ հուսալ, որ Շանթ Մկրտչյանը կկարողանա գտնել իր փնտրած ֆինանսական աջակցությունը եւ ամսագիրը եթե ոչ «Նարցիս» անվան տակ, ապա մեկ այլ անվամբ կշարունակի հրատարակվել: Ի վերջո` մենք պատասխանատու ենք նրանց առջեւ, ում վարժեցրել ենք: Հավելեմ, որ «Նարցիսը» իմ եւ Վահանի հոգեզավակն է եւ ամուսնուս նվերը` ինձ: Չեմ կարծում, որ այն իմ եւ Վահանի բացակայությամբ օգտագործելը կլինի բարոյական կամ օրինական:
– Որպես հովանավոր` բժիշկ Ջանոյանը 12 տարիների ընթացքում վիթխարի գումարներ է ներդրել եւ եթե դրան հավելենք Շանթ Մկրտչյանի նշած 800-900 հազար դրամ պետական աջակցությունը, ապա դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ մինչ օրս ամսագիրը ինքնաբավ չի դարձել:
– Վերջին հինգ տարիների ընթացքում այդ հարցը ինձ եւս շատ է հետաքրքրել եւ ոչ միայն գումար խնայելու առումով (պետական աջակցության մասին ես իմացել եմ ավելի ուշ եւ մինչեւ իսկ դրանից հետո այն ոչնչով չի նվազեցրել մեր ծախսերը), այլ այն մտահոգությամբ, որ ուրեմն ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է ընթանում: Երեւի ամսագրի ինքնաբավ դառնալը միայն ներդրողին է հետաքրքրում: Հնարավոր է նաեւ, որ մեր շռայլ լինելը ինչ-որ տեղ ծուլացրել է խմբագրակազմի բիզնեսային մտածողությունը: Ուրիշ պատասխան չունեմ:
– Ձեր խոսքից երեւում է, որ ամսագրի հետ կապված շատ մտահղացումներ մնացել են անկատար: Սա կարո՞ղ է պատճառ հանդիսանալ, որ դուք մտածեք առաջիկայում նոր գրական հարթակ ստեղծելու մասին:
– Բացառված չէ, բայց այդ մասին պիտի նախ զրուցեմ Վահանի հետ, ում հետ կապվելը այսօր այդքան էլ հեշտ չէ: Գիտե՞ք ինչու ձեզանից գոնե մեկ օր ժամանակ խնդրեցի հարցերի շուրջ մտածելու համար: Հույս ունեի, որ հուսախաբությանս եւ գալիք քայլերիս մասին կհասցնեմ խորհրդակցել երկնաբնակ ընկերոջս հետ եւ վստահ էի, որ իր մեկնումի հինգերորդ տարելիցի օրը անպայման կհայտնվի երազիս մեջ:
-Եվ ի՞նչ: Հայտնվե՞ց:
– Իհա՛րկե: Նա ինձ երբեք չի հուսախաբել: Ասաց` շրջվի՛ր ու կանցնի:
– Ե՞վ …
– Եվ …շրջվեցի:
Հարցազրույցը`
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
23.02.2018
Շանթի խմբագրած հանդեսն ի՞նչ է լինելու…
Ուզում եմ հիշեցնել, որ որևէ պարբերականի լավ կամ վատ որակների համար պատասխանատու է առաջին հերթին հենց ինքը՝ գլխավոր խմաբագիրը,ով պիտի պատվիրի նյութերը,ընթերցի ամբողջ համարը,կազմի,խմբագրի և այդպես շարունակ…Սա՝ անտեղյակ մարդկանց համար:Ո՞ւմից է դժգոհում գլխավոր խմբագիրը,մի հանդեսից,որը բացի հաշվապահից և գործադիր տնօրենից այլ հաստիք չունի՞… Գրեթե ամեն համարում տպագրվել է գլխավոր խմբագիրը կամ իր մասին արձագանքներ են տպագրվել…Գուցե այս մասին է՞լ տեղյակ չի եղել:
Վերջին հինգ տարում նախկին խմբագրակազմի կողմից արվել է այն,ինչը հնարավոր է եղել.պահել հանդեսը ,որովհետև տարիներ շարունակ այն ջերմորեն է ընդունվել գրական միջավայրի կողմից՝դա լավ գիտեն հանդեսի հեղինակները,առանց որոնց չէր լինի այդպիսի գրական պարբերական:Իսկ ինչ վերաբերում է իմ ներկայությանը հանդեսում,այդ մասին հենց գլխավոր խմբագիրն է բազմիցս արտահայտվել բեմերից՝ այսօր մոռանալով իր իսկ շնորհակալական խոսքերը,նաև այն,որ առաջին անգամ ես եմ իրեն ներկայացրել Հայք օրաթերթում…Այ քեզ փորձանք: Տա Աստված , որ մի օր տեսնենք իր <>, բայց դա՝ հազիվ թե պատահի …քանի որ՝ այն չկա, այլապես կերևար իր խմբագրած առիթմիկ ամսագրում:
Ուղղում. Տա Աստված , որ մի օր տեսնենք իր ՛՛տեսլականը՛՛, բայց դա՝ հազիվ թե պատահի …քանի որ՝ այն չկա, այլապես կերևար իր խմբագրած առիթմիկ ամսագրում: