Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ապրել, որ խոսքի ու գործի մեջ սխալներ թույլ չտաք

Փետրվար 24,2018 13:30

Ձեր մտքերը սահմանում են ձեր կյանքը

Դուք երեւի հաճախ եք լսել մարդկանցից, որ երբ նրանք մի սխալ բան են անում, կամ սխալ բան են կատարում, ասում են՝ «պահի տակ ստացվեց, ես էլ չիմացա, թե ինչպես կատարվեց»: Դուք էլ եք երեւի լեզվի սայթաքումներ թույլ տվել ձեր կյանքում, որոնք կատարվել են, այսպես ասած՝ «պահի ազդեցության տակ»:

Այ հիմա եկեք հասկանանք, թե ինչպես է, որ տվյալ իրավիճակում, այդ «պահը» այդքան ազդում է մեզ վրա, որի ազդեցության տակ մենք սայթաքում ենք, սխալներ թույլ տալիս, ու վերք հասցնում ինքներս մեզ: Օրինակ, խոսում ես ընկերոջդ հետ, ու մեկ էլ մոմենտի տակ, մի այնպիսի բան ես ասում, որ նա վիրավորվում է: Դու ոչ միայն վերք ես հասցնում դիմացինիդ, այլ նաեւ ինքդ քեզ, որովհետեւ փչացնում ու վիրավորում ես քո հարաբերությունը նրա հետ: Կամ, ասենք, մի սխալ ես գործում ու հետո հետ ես նայում ու ասում, «ախր ինչպե՞ս պատահեց, որ ես այս սխալ որոշումն ընդունեցի: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ ես չհասցրեցի լավ մտածել»:

Ինչու ենք մենք այսպիսի սխալներ թույլ տալիս:

Դա նրանից է, որ մենք զգոն չենք: Դա նրանից է, որ մեր միտքը արթուն չէ, այլ գտնվում է, այսպես ասած՝ «պահի ազդեցության տակ»:

Զգոն՝ նշանակում է ինքն իրեն զգացող, ինքն իրեն գիտակցող, ինքն իր մտքի վրա իշխանություն ունեցող: Լինել զգոն, նշանակում է զգալ ինքն իրեն, խելացի եւ զգույշ լինել, չթողնել, որ պահն ազդի քո խոսքերի, մտքերի ու որոշումների վրա: Զգոն մարդը խոհեմ է, մտքով արթուն է, զգաստ է, աչալուրջ, հեզաբարո, խոնարհ, պարկեշտ եւ զգույշ:
Հիմա, ինչպե՞ս ձեռք բերել այդ զգոնությունը:

Եկեք տեսնենք, թե ինչ է սովորեցնում Աստուծո Խոսքն այս մասին:
Երեւի Առակաց Գրքից լսած կամ կարդացած կլինեք, որ իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է: Այ, հենց այդ նույն նախադասության վերջին դարձվածքում ասում է, որ զգոնության սկիզբը բարի աստվածապաշտությունն է:

Առակաց Գրքի առաջին գլխի 7-րդ համարում Աստուծո Խոսքն այսպես է ասում. «…Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը» (Առ 1:7):

Ինչպես սկզբում նշեցի, մեր մտքերը սահմանում են մեր կյանքը: Մեր մտքերը սահմանում են մեր խոսքերն ու գործերը: Եթե մեր մտքերը մաքուր են ու լցված են աստվածապաշտությամբ, ապա աստվածապաշտության գործը մեր մտքերը զբաղեցնում է իմաստությամբ, հեզությամբ, խոնարհությամբ եւ զգուշությամբ: Քանի որ ձեր միտքն արդեն զբաղված է լինում այնպիսի բարի բաներով, որ իր բնական վիճակն է, այնտեղ այլեւս տեղ չի մնում չար կրքերի ու ցանկությունների համար, որոնք պահի ազդեցության տակ մեզ դրդում են չար խոսքերի ու գործերի:

Դրա համար է Աստուծո Խոսքն ասում, թե՝ «զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է»: Եթե բամբասելու, չար բաների մասին մտածելու, ուրիշի տակ քանդելու եւ նման վատ բաներով մեր միտքը բեռնավորելու փոխարեն մենք զբաղվենք բարի աստվածապաշտությամբ, այն ժամանակ մեր մտքերը կլցվեն այնպիսի բարի բաներով, որ ոչ մի պահի ազդեցություն չի կարող ձեզ սայթաքեցնել: Դուք ձեր մտքերի ու խոսքերի մեջ կլինենք այնքան զգոն եւ արթուն, որ ոչ մի չար բան չի կարող խաթարել ձեր զգուշավորությունը, քանի որ Աստված իր Սուրբ Հոգին է տալիս իրեն սիրողներին, իսկ Աստուծո Հոգու դեմ ոչ մի չար բան չի կարող կանգնել:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

23.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728