Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը 42-րդն է օլիմպիական խաղերում

Փետրվար 24,2018 12:30

Հայաստանի օլիմպիական թիմն ավարտեց ելույթները Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում: Մեր վերջին ներկայացուցիչը՝ Աշոտ Կարապետյանը, այսօր մասնակցեց լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջք մրցաձեւում եւ զբաղեցրեց նախավերջին՝ 42-րդ հորիզոնականը:

Փհենչհանում գտնվող մարզական լրագրող Խաչիկ Չախոյանը եւ ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցը «Առավոտի» հետ զրույցում պատմեցին.

«Հայտավորված մարզիկներից ոչ բոլորին հաջողվեց հատել վերջնագիծը: Նրանք, ովքեր պայքարում էին մեդալի համար, ռիսկի դիմեցին ու դուրս մնացին մրցաշարից:
Լեռնադահուկային սպորտի կարեւոր գաղտնիքներից մեկն այն է, որ մասնակիցները ծանոթ չեն մրցումային դահուկուղուն: Նրանք մարզումներն անցկացնում են այլ մրցուղում: Բացի դա, առաջին մեկնարկից հետո կազմակերպիչները փոխում են դարպասները՝ հերթական անակնկալ մատուցելով մասնակիցներին: Մեր լեռնադահուկորդը, կարելի է ասել, կատարեց նվազագույն առաջադրանքը՝ երկու մեկնարկներում էլ հատելով վերջնագիծը: Դրա համար մեր լեռնադահուկորդը զգուշություն դրսեւորեց:

Առաջին մեկնարկին մասնակցած 107 լեռնադահուկորդներից վերջնագծին հասան 52-ը: Աշոտ Կարապետյանն այդ ցուցակում 50-րդ տեղում էր: Նա շրջանցեց միայն ԿԺԴՀ-ի երկու մասնակիցներին: Երկրորդ մեկնարկի գլխավոր անակնկալն այն էր, որ առաջատարը՝ նորվեգացի Հենրիկ Քրիստոֆերսենը, չկարողացավ անցնել մրցուղին ու դուրս մնաց մրցումներից: Աշոտ Կարապետյանը երկրորդ մեկնարկում էլ հասավ վերջնագծին եւ վերջնական արդյունքով՝ զբաղեցրեց 42-րդ տեղը: Ընդ որում, երկրորդ մեկնարկում էլ եղան մի քանի մարզիկներ, որոնք չհասան վերջնագիծ ու ստացվեց այնպես, որ մեր լեռնադահուկորդը նախավերջին տեղը զբաղեցրեց:

Որ Կարապետյանը երկու մեկնարկներում էլ հատեց վերջնագիծը, ինչ-որ տեղ արդեն լավ արդյունք է, համենայնդեպս՝ մեզ համար: Սակայն նշենք, որ կային մարզիկներ, որոնց մեր լեռնադահուկորդը կարող էր շրջանցել: Ուզբեկստանի, Կոսովոյի, Ղրղըզստանի եւ նման երկրների մարզիկներին կարելի էր հաղթել: Ինչեւէ, 18 տարեկան Աշոտ Կարապետյանի համար այս օլիմպիական խաղերի մասնակցությունը մեծ փորձ էր»:

Պայքարից հետո Աշոտ Կարապետյանը մեր գործընկերներին ասել է. «Կարծում եմ՝ վատ չէր, որ կարողացա արդյունք ցույց տալ, թեկուզ ոչ այնքան բարձր: Բայց եթե հաշվի առնենք, որ 107 մասնակից կար, 42-րդ տեղը համարում եմ լավ արդյունք: Դեռեւս 18 տարեկան եմ եւ մարզական կյանքս առջեւում է: Սա փորձ էր, որը ինձ պետք էր ու կօգնի ապագայում»:

Փհենչհանում Հայաստանը ներկայացնում էին դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի
Փհենչհան-Երեւան

«Առավոտ»

23.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728