Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան դաշինքում» «Ելքի» առաջարկին պատասխան դեռ չունեն

Փետրվար 23,2018 23:03

«Ծառուկյան դաշինքում» դեռ չեն քննարկել Հանրապետության նախագահին Ազգային ժողովում ընտրելու դրույթները հակասահմանադրական ճանաչելու համար ՍԴ դիմելու «Ելքի» առաջարկը:

«Այս հարցը թիմում պետք է քննարկենք, բոլորի կարծիքը կլսենք, վերջնական մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ «ԵԼՔ» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում։

Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։

«Ելքը» ՍԴ դիմումի տեքստը ուղարկել է Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներին՝ առաջարկելով ստորագրել։

Մինչ խմբակցությունում քննարկելը՝ պարոն Էնֆիաջյանը առաջարկի մասին հայտնեց իր կարծիքը. «Ոչ թե քաղաքական հնչեղությունը կամ գործընթացն եմ կարեւոր համարում, այլ վերջնական բովանդակությունը, թե վերջում ինչ նպատակ է հետապնդում: 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների առանցքային հարցը բեռնաթափել ՀՀ նախագահի գերլիազորություններն էր, խորհրդարանի լիազորությունը ավելացնել, բալանսավորել ԱԺ, կառավարություն, նախագահ բեւեռների միջեւ քաղաքական գործընթացները: Այս տրամաբանությունից, եթե առաջնորդենք, մեծ հաշվով, խորքային խնդիր չի կարող առաջանալ»:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ նախօրեին «Ելքի» առաջարկը համարել էր քաղաքական առումով անհիմն: Այս տեսակետին անդրադառնալով՝ «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այդտեղ քաղաքականության հարց չէ, այլ իրավական հարց է: Մենք կարծում ենք՝ Սահմանադրության հետ կապված ցանկացած խնդրի լուծում ու պարզաբանում պետք է տա Սահմանադրական դատարանը: Մենք շատ ենք խոսել մեր երկրում ինստիտուտներ զարգացնելու մասին, եթե լինեինք իշխանություն, այդ ինստիտուտները կզարգացնեինք ու կբարելավեինք, բայց, քանի դեռ ընդդիմություն ենք, կարող ենք միայն այդ ինստիտուտները աշխատեցնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728