Այսուհետ «Դյուցազնագրքի» էջերից մեկն էլ կպատմի սևանցի ծանրամարտիկ, եռամարտի չեմպիոն Վարազդատ Հակոբյանի ռեկորդի մասին:
Իսկ ամեն ինչ սկսվել է շատ ավելի վաղ: Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան Վարազդատ Հակոբյանը ծանրամարտով զբաղվել է 12 տարեկանից: Մարզիչ Յուրա Սարգսյանի սանը գրանցել են մեծ հաջողություններ ու ճանապարհները նրան բերեցին Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ:
Ուսումնառությանը զուգահեռ Վարազդատը շարունակել է իր մարզումները, ուժերն է փորձել ուժայի եռամարտում, և արդյունքն էլ երկար սպասեցնել չի տվել:
Մարզիչ Յուրա Սարգսյանի փոխանցմամբ` 2016թ-ին Վարազդատը ճանաչվել է եռամարտի ՀՀ առաջնության չեմպիոն, իսկ 2017թ-ին դարձել է կրկնակի չեմպիոն:
Կրկնակի չեմպիոն Վարազդատը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ միջոցառման ժամանակ սահմանել էր եռամարտի ռեկորդ` տեղից պոկելով 250կգ-ոց ծանրաձողը:
Պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի առաջարկով Վարազդատ Հակոբյանը հայտ ներկայացրեց «Դյուցազնագրքին»:
Փետրվարի 22-ին Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանի և մարզիչ Յուրա Սարգսյանի ուղեկցությամբ ռեկորդ սահմանելու պատրաստ մարզիկը Երևանում էր:
Պոկելով 260կգ-ոց ծանրաձողը Վարազդատը /63կգ/ գերազանցեց իր իսկ սահմանած 230կգ և 250կգ ռեկորդները` դառնալով «Դյուցազնագրքի» հերոսներից մեկը:
Կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր Վարազդատին սպասում են նոր մրցելույթներ: Մայիսի 15-ին Ուկրաինայի Լուցկ քաղաքում Վարազդատ Հակոբյանը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ