«Ղարաբաղյան շարժումը սկսվեց նրանից, որ հայ ժողովուրդը, կներեք, աղերսում էր արդարություն… հետո սկսեց պահանջել արդարություն, որը հաստատվեց իր իսկ ձեռքով: ՀՀ պետականություն եւ Արցախի պաշտպանություն՝ սրանք էին շարժման խնդիրները: Մեր շարժումը ԽՍՀՄ բոլոր շարժումներից առանձնանում էր քաղաքական բարձր մակարդակով»,-«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այսօր հայտարարեց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Նա մի դեպք պատմեց ու ընդգծեց, որ առաջին անգամ է այն հանրայնացնում:
1989թ.-ին, երբ Ղարաբաղյան շարժման մասնակիցների մի մասը Մոսկվայի բանտերում էր, Երեւանում բազմամարդ հավաքներ էին տեղի ունենում՝ նրանց ազատելու պահանջով: «Այդ ժամանակ ֆուտբոլային հանդիպում պետք է տեղի ունենար՝ մեր «Արարատ»-ի ու Թբիլիսիի «Դինամո»-ի միջեւ: Ռուսական հեռուստատեսությունը խաղից երկու օր առաջ հայտարարեց, որ այն Երեւանում չի կայանալու: Մոսկվան այնպես էր ներկայացնում, թե Երեւանում այնքան անկառավարելի իրավիճակ էր…մինչդեռ նման բան չկար, մենք կապի մեջ էինք իշխանությունների հետ»,-պատմեց Դավիթ Շահնազարյանը:
Ապա շարունակեց՝ պատմելով, որ գնացել, հանդիպել է «Արարատ»-ի մարզիչ Արկադի Անդրեասյանի հետ, երկար խոսել են, Արկադի Անդրեասյանը ոչինչ չի ասել. «Նա վերցրեց հեռախոսը ու զանգեց Կոմկուսի Կենտկոմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին ու ասաց՝ մենք ոչ մի տեղ չենք գնալու, խաղը պետք է կայանա Երեւանում: Ժամեր անց հեռուստատեսությամբ հայտարարեցին, թե «Արարատ»-ն արդեն մեկնել է, եթե չեմ սխալվում Գագրա… Բայց հետո, այնուամենայնիվ, հաղորդեցին, որ խաղը կայանալու է Երեւանում: Հրազդան մարզադաշտը երեւի վաղուց այդքան լեցուն չէր»:
Շահնազարյանի խոսքով՝ Անդրեասյանի արածը հերոսական քայլ էր եւ կարեւոր՝ Հայաստանի համար:
«Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ, շարժման մասնակից, պատմաբան Ալեքսան Հակոբյանն էլ քննարկման մասնակից-ուսանողներին խորհուրդ տվեց. «Հաշվենկատությունը սուտ բան է, այդպիսին մի եղեք, թե չէ կպարտվեք: Եղեք իդեալիստ, լավատես ու ռոմանտիկ: Նաեւ դրա հետ է կապված «Ղարաբաղ կոմիտեի» հաջողությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ