Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրի բժշկական կենտրոն»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

Փետրվար 23,2018 18:55

2018 թվականի փետրվարի 17-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժքույր  Աննա Ադամյանը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում  հաղորդում է  տվել  այն մասին, որ բժիշկներ Արթուր և Արմեն Նասիբյանները 2017 թվականի փետրվարի 17-ին անհիմն պատճառով վիճաբանել են իր հետ, որի ընթացքում շուրջ 10 րոպե շարունակ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել իր հասցեին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում նյութեր են նախապատրասվել, որի ընթացքում փաստական տվյալներ  են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի փետրվարի 13-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի մի բնակչուհի՝ ոտքի եղունգը հեռացնելու համար նախնական պայմանավորվածություն ունենալով  նույն ընկերության բժիշկ Արմեն Նասիբյանի հետ: Սակայն բժշկական կենտրոնում հանդիպելով իր ծանոթ Արման Սարգսյանին` բուժօգնության դիմած քաղաքացին ցանկացել է, որ վիրահատական  միջամտությունը կատարվի վերջինի, այլ ոչ Արմեն Նասիբյանի կողմից:

Նույն օրը, ժամը 11:00-ի սահմաններում, Արմեն Նասիբյանը տեղեկանալով, որ  նախապես իր մոտ այցելած հիվանդին վճարի դիմաց բուժօգնություն է ցուցաբերել մեկ այլ բժիշկ և կարծելով, որ հիվանդին նշված բժշկի մոտ ուղղորդել է ընդունարանի բուժքույր Ա. Ադամյանը` վերջինի հետ հարաբերությունները պարզելու նպատակով առաջարկել է նրան բարձրանալ իր աշխատասենյակ: Սակայն մերժում ստանալով` առանց որևէ պատճառի, շուրջ 10 րոպե շարունակ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրա հասցեին, ընթացքում հարվածել է աշխատասեղաններին` այդ կերպ  դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով  հասարակական կարգը, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում  գտնվող քաղաքացիների և աշխատակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, խախտելով վերջինների հանգիստը և խոչընդոտելով ընկերության բնականոն գործունեությունը:

Վիճաբանությանը միջամտել է նաև Արմեն Նասիբյանի եղբայրը` Արթուր Նասիբյանը, ով իր հերթին, առանց որևէ պատճառի, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հասցնել Աննա Ադամյանին` նույն կերպ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է նաև, որ նույն օրը բժիշկներ Արթուր Նասիբյանը և Կարեն Գևորգյանը «Գյումրի  բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի բժիշկների սենյակում նշված առիթով  վիճաբանել են նաև Արման և Արտակ Սարգսյանների հետ, որի ընթացքում ֆիզիկական բռնություն են գործադրել Արտակ Սարգսյանի նկատմամբ` բազմիցս հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակել են ՀՀ քրեական  օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ` 2018 թվականի փետրվարի 22-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը մարզի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728