ԱԺ-ում Սամվել Նիկոյանը Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ասաց՝ «Դա բոլորիս խղճի վրայից պետք է դուրս գա, եթե որեւէ մեկը սխալ է արել, թող պատժվի, թե չէ մենք ապրում ենք այդ ծանր բեռով»:
Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ Սամվել Նիկոյանը, որի նախագահությամբ ժամանակին հանձնաժողով էր ստեղծվել ԱԺ-ում, պատմեց, թե ինչ տեղեկատվության են իրենք տիրապետել:
Նա ասաց, որ հասարակության մի մասը, զոհերի հարազատներն իրենց չէին վստահում ու ուզում էին ինչ-որ գործ անել, ապացուցել, որ իրենք կաշկանդված չեն, փրկել հանձնաժողովի դեմքը:
Նիկոյանն ասաց, որ առաջինը, որ փորձել են անել՝ Չերյոմուխա-7-ի օգտագործման հետ կապված հայտարարություն անելն էր, որ այն նախատեսված է փակ տարածքների համար ու եթե ոստիկանները դա կիրառել են բաց տարածքում, արդեն իսկ խախտում է, որը պատժելի է. «Բերեցին, ներկայացրեցին հանձնաժողովին փաստաթուղթ, որ արտադրող ընկերությունը ասում է՝ դա կարող է օգտագործվել նաեւ բաց տարածքներում: Հանձնաժողովի ձեռքերը կարճվեցին: Հաջորդը՝ ասում ենք 4 մարդն են ունեցել այդ զենքը, 4-ին էլ ասում ենք ենթարկեք պատժի: Հետո իրավունքի մասնագետները պարզ բացատրեցին որ ոչ մի տեղ նման բան չկա միջազգային իրավունքի մեջ էլ, դու պետք է կարողանաս գտնել, թե ում գործողության արդյունքում է զոհ եղել: Դիմեցինք հասարակությանը՝ վերջիվերջո այդքան մարդու ներկայությամբ է եղել, ով ունի գաղտնի տեղեկություն, ցանկանում է՝ անանուն, նամակով,, մեզ տրամադրեք ինֆորմացիա: Մեկ մարդ արձագանքեց, Արարատից էր, տուժածներից մեկը, ասաց, որ իր նկատմամբ էլ կիրառվել է այդ ամենը: Դիմեցի միջազգային հանրությանը, դեսպաններին նամակով դիմեցի՝ կա՞ Չերյոմուխա 7-ի իդենտիֆիկացման հնարավորություն: Ցավոք, որեւէ տեղից արձագանք չեղավ»:
Նիկոյանը դատախազությանը կոչ արեց, որ հիմա տեխնոլոգիաները զարգացել են, եթե հնարավորություն կա, դա հիմա գոնե պարզեն. «Դա բոլորիս խղճի վրայից պետք է դուրս գա, եթե որեւէ մեկը սխալ է արել, թող պատժվի, թե չէ մենք ապրում ենք այդ ծանր բեռով: Շատ դժվար է: Ես անընդհատ հիշում եմ այդ իրադարձությունները: Որոշ մարդիկ, որ մասնակից էին դրան, մոռացան այդ ամենը, իսկ ես տարի ու կես անընդհատ այդ կադրերը նայել եմ ու ապրել եմ դրանով, դա մի դժոխք էր: Ես անընդհատ հիշել եմ հարազատների, ծնողների արցունքները կամ հայացքները: Դրա համար ինչ-որ մի բան պետք է անել այդ ուղղությամբ»:
Նիկոյանն ասաց, որ իրենց անընդհատ հարցադրումներ են հնչեցնում, թե ինչու հարցաքննության չեն կանչել Ռոբերտ Քոչարյանին: Նա ասաց, որ նման իրավասություն չի ունեցել հանձնաժողովը նախկին պաշտոնյաների հարցաքննության կանչել: Նիկոյանը դիմեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հիշեցնելով, որ «ասում էիք՝ ինձնից բացի թող էլ ոչ մի զոհ չպահանջվի, ժողովրդին վստահություն էիք ներշնչում նրանց ապահով լինելու մասին, բայց երբ մարտի 1-2-ի օրը հազարավոր մարդիկ գտնվում էին այնտեղ լարված վիճակում՝ վիրավորված, կատաղած, զայրացած, պետք էր առաջնորդ, որ այդ մարդկանց ղեկավարեր, հայտարարվեց, որ իմ անվտանգությունն ապահովված չէ, այդ իսկ պատճառով չեմ գա: Բա դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց անվտանգությունն էլ ապահոված չէ, չէ՞ որ ամբողջ մի իշխանություն այնտեղ էին: Մի ամբողջ իշխանություն այնտեղ էին, բա չգիտեի՞ք իշխանության քայլերն ինչ էին լինելու»:
Նիկոյանը դիմեց նաեւ Քոչարյանին. «Ասում ենք՝ դուք արտակարգ ռեժիմ հայտարարելը հիմնավորեցիք, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկաններից պարզվեց, նրանց փաստաթղթերը նայեցինք դատաբժշկական փորձաքննության, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է եւ ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ