Փետրվարի 23-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից 2018 թվականին փետրվարի 4-ին արված կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում հընթացս Մեծի Պահոց Հանգստյան ժամերգություն-հսկման կատարվեց նաև խաղաղության հատուկ աղոթք` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Հարավային Սուդանում խաղաղության շուտափույթ հաստատման համար:
Ժամերգությանը ներկա էին նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ և Մայր Աթոռի աշխատակիցներ:
Խաղաղության համար կատարվող այս մասնավոր աղոթքը, դրան մասնակցող տարբեր Եկեղեցիների ու քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչների ընկալմամբ, նպատակ ունի ավետարանական խաղաղության հաստատմանն ուղղված մի նոր վկայություն կերտել բոլոր այն երկրներում, որտեղ քրիստոնյաներն ամենից ավելի կարիք ունեն խաղաղության ու ապահովության:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ