«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի մոտ շինարարության թույլտվություն Գառնու համայնքապետը չի տվել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Նախարարի խոսքերով՝ «Կառույցն այդ տարածքում առանց թույլատվության կառուցելն ինձ համար ընդունելի չէ, սա միանշանակ է, եւ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն։ Այդտեղ մեղքի բաժին ունի համայնքապետը, որ իր տարածքում կառուցապատում է իրականացվել, ինքը չի միջամտել»: Ըստ Լոքյանի այս հարցում մեղավոր են ե՛ւ համայնքի ղեկավարը, ե՛ւ համապատասխան տեսչությունները, որոնք շինարարությունը նկատել են շինարարությունն իրականացնելուց եւ նույնիսկ դրա թեժ պահին:
Լոքյանը վստահեցրեց՝ խնդիրը կկանոնակարգվի, դրա համար ցուցում է տալու Կոտայքի մարզպետին եւ Գառնու համայնքապետին:
Նախարարն ասաց, որ հուշարձանի մոտ կառուցվող շինությունը սրճարան էր լինելու, որպեսզի այցելուներին սպասարկի. «Հուշարձանի դիմաց կառուցված փայտե շինությունը ժամանակավոր կառույց է: Այնպես չէ, որ պետք է բացարձակացնենք, որ ոչինչ չի կարելի այնտեղ կառուցել։ Եթե դա չի խանգարում, չի աղճատում բնության այն ընդհանուր պատկերը, որ մենք ունենք աստծու տվածով, պետք է հասկանանք՝ ինչ ենք անում։ Այսինքն՝ բացարձականացնել խնդիրը եւ միայն ծայրահեղություններով խոսել՝ ընկալելի չէ մեզ համար: Եթե խանգարող է, աղճատում է, չպետք է թույլատրվի, վերջ։ Բայց դա պետք է մասնագետներն ասեն»։
Հիշեցնենք, «Ֆեյսբուք» օգտատերերից մեկն էր օրերս ահազանգել եւ լուսանկարներ հրապարակել, որ Գառնու կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիայի» մոտ շինարարական աշխատանքներ են ընթանում: Ահազանգից հետո միայն բնապահպանական տեսչության աշխատակիցներն այցելել են տվյալ տարածք, ու կասեցրել աշխատանքները։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ