«Մարտի 5-ին ինձ մեղադրանք առաջադրվեց բոլոր աշխարհիկ հանցագործությունների համար՝ պետական հեղաշրջում եւ այլն: Դրանից հետո ինձ կանչեցին հարցաքննության: Թե ինչ էր կատարվում դատախազությունում այդ ժամանակ՝ չեմ ուզում հիշել, տպում էին գործեր, ինձ, որպես նախկին վարչապետի արտահերթ էին քննում, այդ լավությունն անում էին, մնացածներին այնքան էին սպասեցնում, մինչեւ շունչները կտրվի: Հարցաքննություններից հետո ինձ մոտեցավ ՀՔԾ պետը, որը շատ քաղաքավարի ասաց, որ ձեզ փոխանցելու բան ունեմ: Ասաց՝ խնդրել են, որ ձեզ փոխանցեմ, որ ձեզ չեմ ձերբակալում, որովհետեւ դուք Վազգեն Սարգսյանի եղբայրն եք, բայց կրկնվելու դեպքում էդ հանգամանքն այլեւս հաշվի չի առնվի: Սա է եղել քննչական գործողությունը»,- այսօր խորհրդարանում Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» հրավիրած լսումների ժամանակ պատմեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ այդ նույն հոդվածներով իր ընկերներին ձերբակալեցին, հոդվածներ դրեցին:
Արամ Սարգսյանն ասաց, որ ինքն էլ ոսկեղենիկ հայերենով հորդորել է այդ փոխանցողին փոխանցել, որ քննչականի գործելակերպը հենց դրանում է, դրա համար էլ արտագաղթ կա, լքում են այս երկիրը:
Նա ասաց, որ իրավաբանությունը ճարտասանություն է, բայց աճպարարություն չի, չի կարելի ամեն ինչից, քաղաքականությունից այսպես կտրել, երկարացնել Մարտի 1-ը՝ որպես խուլիգանական արարք. «Իմ համար հարցերի հարցը այն է՝ ամսի 1-ին ո՞վ է հրաման տվել այդտեղ ցուցարարներին ցրելու»: Նա ասաց, որ եթե թողնեին մեկ շաբաթ էլ, ցրվելու էին, խնդիրը լուծվելու էր, ուրեմն ինչո՞ւ դա արվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ