Այսօր խորհրդարանում Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» հրավիրած լսումների ժամանակ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը վստահեցրեց, որ արտակարգ դրությունը հայտարարելը ապօրինի չէր, քանի որ այնտեղ հստակ ասվում էր՝ քանի որ չկա Արտակարգ դրության մասին օրենք, նախագահը իրավիճակից թելադրված միջոցների է դիմում:
0038 գաղտնի հրամանի հետ կապված Անդրանիկ Քոչարյանը հայտարարություն էր արել: Գեւորգ Կոստանյանն ասաց՝ արդյոք դա ենթադրում է զորքի մասնակցություն Մարտի 1-ի միջոցառումներին: Իհարկե՝ ոչ: Փաստահավաք խմբին, Սամվել Նիկոյանի հանձնաժողովին տրված բացատրությունում հստակ ասվում է, որ այդ հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու մասին, այդ ժամանակ սահմանում լարվածություն էր, հստակ միջադեպեր էին լինում:
Այս խոսքի վրա դահլիճում աղմուկ բարձրացավ, սկսեցին հակաճառել Կոստանյանին: Կոստանյանն էլ արձագանքեց. «Ժողովո՛ւրդ, ասելով չի, այդ ամեն ինչը գրած ա: Ընդամենը այդ ամեն ինչը պետք է կարդալ: Հայտարարելով չի, այդ ամեն ինչը գրած է: Երբ մարդը չի կարդում հրամանը եւ այդ հրամանի մասին հայտարարություն է անում, նման հետեւության են հանգում»:
Գեւորգ Կոստանյանը, դիմելով զոհվածների ծնողներին, ասաց, որ գլխավոր դատախազ եղած ժամանակ հանդիպել է իրենց հետ եւ խոստացել՝ ամեն ինչ անելու եմ, որ սայլը տեղից շարժվի. «Ի՞նչ է դա ենթադրում իրենից, որ բոլոր մեղավորները բացահայտվելու են եւ պատասխանատվությա՞ն են ենթարկվելու՝ միանշանա՛կ, այլ բան չի կարող ենթադրել դա, բայց միաժամանակ ես ինքս խնդրեցի, ասացի հենց այդ պահին գնացեք ցուցմունք տվեք՝ սկսենք, որովհետեւ շատ կարեւոր բաներ եք ասում: Ե՞վ: Որեւէ մեկը չի գնում այդ տեղեկատվությունը հայտնում, չեն քննարկում»:
Կոստանյանն ասաց, որ գործը բաժանվել է 10 մասի, բոլոր տուժողների ներկայացուցիչները կարող են գործի հանգամանքներին ծանոթանալ, միջնորդել, ասել՝ ապօրինի է այսինչի գործողությունը:
Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը տեղից բորբոքվեց եւ սկսեց բղավել, որ սպասել է, որ տարիներով քննիչն իրեն պիտի հրավիրի, գործը դարակներում գցած է, ո՞վ է ասել, որ քննություն է գնում: Կոստանյանն արձագանքեց. «Տես, ասում եք, որ տունը նստած սպասել եք քննիչը պիտի հրավիրի, տենց չի՛: Քննիչը ձեզ հրավիրում է, երբ ձեզանից պարզելու հանգամանք կա, դուք իրավունք ունեք ամեն օր գնաք տեսնեք, հլը տեսնեմ ինչ ես պարզել, ինչ գործողություն ես արել, տեսնես բան չի արել, իր անգործությունը ներկայացնես դատարան: Ես ոչ թե ձեզ մեղադրում եմ, այլ ձեր չիմանալու արդյունքն է դա, ձեզ թվում է, որ պիտի տանը նստես ու սպասես ինչ է լինելու: Ես չեմ կարող ձեր փոխարեն ձեր իրավունքներն իրացնել: Ես ձեր բոլոր հարցերին կարող եմ պատասխանել, մի խնդրանք ունեմ՝ օգտվեք ձեր իրավունքներից, որ նման իրավիճակ չլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ