Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. Հայ փախստականների թվաքանակի անճշտություն կա

Փետրվար 23,2018 16:55

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը դիտողություն ունի` հայ փախստականների, հայտարարությունում ներկայացված ընդհանուր թվաքանակի առնչությամբ, այստեղ խոսվում է 400.000 մարդու մասին: Հիշեցնենք, խոսքն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած  «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի» կապակցությամբ հայտարարության մասին է:

«Բանն այն է, որ այս թիվը վերաբերում է Հայաստան և Արցախ բռնագաղթած փախստականներին` համապատասխանաբար, եթե չեմ սխալվում` 362.000 և մոտ 27000 մարդու: Մինչդեռ 1988-1990 թվականների միջակայքում Ադրբեջանից փախուստի են դիմել տասնյակ հազարավոր հայեր, որոնք, առանց Հայաստան կամ Արցախ գալու, բնակություն են հաստատել Ռուսաստանի հարավային մարզերում և այլ վայրերում: Ուստի, կարծում եմ, որ առանց չափազանցության կարելի է խոսել Ադրբեջանից վտարված ավելի քան 500.000 մեր հայրենակիցների մասին: Այս հարցում պետք չէ հիմնվել այն ժամանակվա պաշտոնական վիճակագրական տվյալների վրա, քանի որ հայտնի է, որ Ադրբեջանում մշտապես արհեստականորեն նվազեցրել են տեղաբնիկ ժողովուրդների, այդ թվում նաև հայերի իրական թվաքանակը, ինչպես նաև քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ ռուս էին գրվում, որպեսզի խուսափեն հայերի հանդեպ կիրառվող խտրականությունից ու հալածանքներից»,- Aravot.am- ի հետ զրույցում ասաց Արման Մելիքյանը:

Ըստ մեր զրուցակցի, քանի որ հայտարարության նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը ՀՀ ԱԺ է ներկայացված Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից, որի նախաձեռնությամբ նախօրեին կազմակերպվել էին նաև այս հարցին նվիրված խորհրդարանական լսումներ, թերևս պրոֆիլային հանձնաժողովի գործունեության ոլորտով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ հավանությանը ներկայացվող այս հայտարարությունը հասցեագրված է արտաքին լսարանին` օտար պետություններին, զանազան միջազգային կազմակերպություններին ու կառույցներին, որոնց կոչ է արվում «դատապարտելու Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները, որոնք սպառնալիք են հանդիսանում ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության եւ բարօրության համար»։

«Երևում է, որ այս նախագիծը նախապատրաստած աշխատանքային խումբը լուրջ և մանրակրկիտ աշխատանք է կատարել: Գուցե ավելորդ չէր լինի տալ նաև Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքով սահմանված նորմերի խախտումների ցանկը և թվարկել այդ նորմերը պարունակող միջազգային փաստաթղթերը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728