Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում գազալցակայանը ամսական 300 դրամ է վճարել

Փետրվար 23,2018 16:45

Այսօր տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ բացահայտում արեց: Նա ասաց, որ բազմաթիվ համայնքներում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ գործել են, սակայն պայմանագրեր չեն ունեցել համայնքների հետ:

Խոսելով հարկերի հավաքագրումների եւ համայնքներում տնտեսվարողների վճարումների մասին, նա նշեց, որ համայնքներում բաց էր իրավաբանական անձանց վճարումները. «Ռեստորանները գազալցակայանը, արտադրական ձեռնարկությունը եւ այլն, դրանց մեծամասնությունը, փաստորեն, պայմանագրեր չունեին համայնքի հետ եւ վճարումներն օրինական չէին իրականացնում: Միայն 2017 թվականին մարզպետների ու համայնքապետերի ջանքերով մենք 18 հազար պայմանագրեր ենք ունեցել ամբողջ երկրում՝ առանց Երեւան քաղաքի»:

Aravot.am-ի ճշտող հարցին՝ եթե անօրինական էին վճարումները, այդ դեպքում տվյալ գումարներն ո՞ւր էին գնում, Լոքյանը պատասխանեց. «Դրանք հիմա գնում են համայնքի բյուջե: Ոչ թե անօրինական էին վճարում, այլ՝ չէին վճարում պայմանագիր չունենալու պատճառով կամ շատ ցածր դրույքաչափով էին վճարում: Ենթադրենք գազալցակայանը Լոռու մարզում ամսական վճարում էր 300 դրամ վճար: Այսինքն՝ մեկ բնակիչը վճարում է 200 դրամ, գազալցակայանը՝ 300 դրամ»:

Սա, կարծես թե, տնտեսական հանցագործություն է, որ տնտեսվարողը կամ չի վճարել տարիներ շարունակ, կամ քիչ է վճարել, արդյոք նախարարն իրավապահ մարմիններին այս խնդրի մասին տեղյակ պահել է, մեր այս հարցին ի պատասխան էլ Լոքյանն ասաց.«Ես չեմ կարծում… սա ավելի շուտ մեր համայնքներում պայմանագրային ձեւերի բացակայության եւ կանոնակարգման խնդիր է: Եվ ինչու՝ չէ, հնարավոր է նաեւ որպեսզի չտեղեկացված լինելով չի գանձվել: Դրա համար բոլոր ձեռնարկությունների համար ձեւակերպում ենք պայմանագրային փաթեթներ, դրանք արդեն գոյություն ունեն՝ 18 հազարից ավելի իրավաբանական անձ հանրապետությունում ունի պայմանագրեր»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ը փորձեց նախարարից պարզել, թե այդ չվճարված գումարների ծավալը որքան է, եւ մենք կրկին պնդեցինք՝ արդյոք այդ գործողությունները պետությունից հարկեր թաքցնել չէ: Նախարարն այսպես պարզաբանեց՝ «Պետությունից չէ, համայնքից:   Ասենք համայնքում կա 100- ից ավելի տնտեսվարող, մի քանի տասնյակը ցածր դրույքաչափերով է վճարել, այդպես է որոշել ավագանին: Չեն ունեցել ընդհանուր պատկերացում այդ պրոցեսների մասին, եւ այդպիսի վճարներով են աշխատել: Մեր համապատասխան ուսումնասիրությունից, տեղերում քննարկումներից հանգել ենք նրան, որ չի կարող տնտեսվարողը վճարել մեկ շնչին ընկնող հավասար հարկ, եւ փոխել ենք դա: Այսօր հանրապետության իրավաբանական անձանց միջինը կազմում է մոտ 5 հազար դրամ՝ 1 ամսվա համար: Այսօր փոխել ենք, ասենք, գազալցակայանները վճարում են 10-15 հազար դրամ: Չենք կարող ձեւակերպել ՝ դա հանցագործությո՞ւն է, թե՝ ավագանու որոշումով իրականացվող գործողություն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728