ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր եղավ Ամերիկյան համալսարանում: Մինչեւ դասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպումը, Արմեն Սարգսյանը շրջեց համալսարանում, ծանոթացավ հարուստ գրադարանին, ձեռներեցության զարգացման կենտրոնում զրուցեց ստարթապ խմբերի թիմերի հետ:
Արմեն Սարգսյանը նշեց, որ այս ընթացքում ինքը եղել է հանրապետության տարածքում գործող շատ բուհերում եւ տեսել, որ ուսանողների համար սովորելու եւ գիտելիքները կյանքի կոչելու համար լավ պայմաններ են ստեղծված: «Երբ լինում եմ բուհերում, մեջս կրկին ուսանող դառնալու ցանկություն է առաջանում: Ես իմ ուսանողական տարիներն անցկացրել եմ մեկ այլ երկրում՝ Խորհրդային Միությունում: Ճիշտ է, այն ժամանակ մեզ բարձրակարգ գիտելիքներ էին տալիս, հատկապես ճշգրիտ գիտությունների ոլորտում, սակայն այն երկրում մթնոլորտն էր ուրիշ» – ասաց Արմեն Սարգսյանը ուսանողական ստարթապ խմբերի հետ զրուցելիս: Նա հետաքրքրվեց նաեւ այդ թիմերի ծրագրերով, դրանք գործնականում կյանքի կոչելու հեռանկարներով, տվեց արժեքավոր խորհուրդներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ