Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված խմբի» անդամները ընտրել էին նաեւ նախարարությունների նոր ղեկավարներին

Փետրվար 23,2018 16:30

2015-ին Նորք-Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով դատաքննությանն այսօր շարունակվեց ապացույցների հետազոտումը:

Մեղադրող դատախազը գործով ձեռքբերված ապացույցներից առանձնացրեց Նորք-Մարաշի առանձնատանը հայտնաբերված իրերի ցանկը՝ ՀՀ դրոշ, ռադիոկապ, Գյումրի քաղաքի զբոսաշրջիկների համար նախատեսված քարտեզ՝ նշումներով, նշագրված  են եղել քաղաք տանող կարեւոր հանգույցներ, քաղաքի տներ, ոստիկանական հենակետեր:

Հայտնաբերվել է նաեւ  ՀՀ քարտեզ ՝ ձեռագիր կլոր նշագրումներով, օրինակ՝  80+5= գրավում:

Ինչպես նաեւ Սահմանադրության վերաբերյալ փաստաթղթեր, մեղադրյալ Հայր Անտոնի կողմից խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանին հասցեագրված նամակ, որը ծրարում էր դրված:

Հայտնաբերվել է նաեւ սպիտակ երկու թուղթ, որի վրա նշումներ էին արված կարմիր ու կապույտ գրիչներով, թղթերից մեկի վրա նշված էին նախարարությունների անուններ, որոնց դիմաց համապատասխան անուն-ազգանուններ:

Մյուս թղթի վրա գրված էր՝ լուծարել ԱԺ-ն, կարեւորը, որ սպան գիտենա իր արժեքը՝ երկրի խաղաղությունն  ու անվտանգությունն ապահովելու համար:

Նշված տնից բացահայտվել են նաեւ նոթատետրեր, որտեղ, ըստ մեղադրող դատախազի, ծածկագրված բառերով գրված էին խմբի անդամների մականուններ, նրանց տիրապետության տակ գտնվող զենք-զինամթերքի մասին տեղեկություններ: Ծածկագրման եղանակով գծագրվել են այն տեղանքները, որոնք հետաքրքրություն են ներկայացրել խմբի անդամների համար;

Մեկ այլ նոթատետրում հայերենով ու լատինատառ տառերով գրված էին խմբի ծախսերը, ապա խմբի անդամների անունները՝ ըստ տեղանքների բաշխված, օրինակ Խաչիկ Ավետիսյան՝ Բ 26, Արթուր՝ ԱԺ եւ այլն:

Մեկ այլ նոթատետրում առկա էին խմբի անդամների կենցաղային ծախսերի մասին գրառումներ, ինքնակպչուն ժապավեն եւ գրառումներ, թե տան որ սենյակում ինչ զենք ու հագուստ է պահվում, առանձին էջերում գծագրումներ են եղել:

Նորք-Մարաշի տնից հայտնաբերվել է նաեւ կրիչ, որում եղել է  Արթուր Վարդանյանի հարցազրույցը, ինչպես նաեւ վերջինիս,  Լիլիթի ու Վահան Շիրխանյանի առանձնազրույցը եւ իշխանությունը զավթելուց հետո եթեր գնալու համար նախատեսված Արթուր Վարդանյանի ուղերձը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728