Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ուղիղ սպառնալիք է խոսքի ազատությանը». Աշոտ Մելիքյան

Փետրվար 23,2018 16:28

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի կարծիքով՝ քրեական օրենսգրքում փոփոխություններից հետևությունն այն է, որ նման օրենքի գործածությունը ժողովրդավար տարածքի սահմանափակման հստակ ցուցիչ է:

«Մեդիա կենտրոնում» «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով քննարկմանը Հայկուհի Հարությունյանը պարզաբանեց՝ բովանդակային առումով այս փոփոխությունները նշանակում են, որ յուրաքանչյուր անձ, որը երբևէ փորձ կանի հրապարակել կոչեր ահաբեկչության վերաբերյալ, քարոզել կամ արդարացնել, այս օրենքը դրա համար հստակ սահմանումներ չի տալիս, այլ դա թողնվելու է նախաքննական մարմիններին: Ստացվում է, որ որևէ անձ, որը երբևէ փորձ կանի խոսել այդ հարցերի մասին, կարող է արժանանալ համապատասխան պատասխանատվության. «Հայաստանը հասարակության անվտանգության տեսանկյունից երբևէ չի գնահատվել անվտանգության այն ռիսկային գոտում, որով պայմանավորված քրեական պատասխանատվության խստացման քաղաքականությունը խիստ տեղին է: Մենք հասարակական անվտանգության տեսանկյունից այնպիսի ցնցումներ չենք ունեցել, որոնց պարագայում այս փոփոխությունները անհրաժեշտ լինեին»:

Ըստ տիկին Հարությունյանի՝ այս փոփոխություններից հետո թիրախավորվելու են ԶԼՄ-ները, իրավապաշտպանները. «Թիրախավորվում են ԶԼՄ-ներն իրենց լուսաբանման գործառույթների իրականացման ընթացքում օգտագործած բառապաշարի գնահատման, լուսաբանման տեխնիկայի առումով: Որևէ ձևով երաշխիք չկա, որ լրագրողների կողմից զուտ երևույթի լուսաբանումն ինքնին չի որակվի այս հոդվածով, և առանձին անձինք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: Վտանգված են նաև իրավապաշտպանները, որոնք կարող են ստանձնել հենց այն անձանց պաշտպանությունը, ում երբևէ մեղադրանք կառաջադրվի ահաբեկչության հոդվածով»:

Ըստ Հայկուհի Հարությունյանի՝ օրենքը չի պարունակում արդարացի հավասարակշռման սկզբունքը, որի պարագայում իշխանության հնարավոր փորձերը անհիմն և անտեղի պատասխանատվության ենթարկելու համար կարող են երաշխավորված և զսպված լինել:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մտահոգված է՝ սա ուղիղ սպառնալիք է խոսքի ազատությանը, քանի որ շատ սուբյեկտիվ մոտեցում կարող է ցուցաբերվել. «Իմ կարծիքով՝ այս մտահղացումն իրենց մոտ առաջացել է «Սասնա ծռերի» դեպքից հետո, երբ տեսնում էին, որ կա հասարակության մեջ մի շերտ, որն ըմբռնմամբ է մոտենում այս ցասմանը և համարում, որ սա ոչ թե ահաբեկչական, այլ հուսահատական ակտ է: Ուժային առումով իշխանությունը կիրառեց ամեն ինչ և կանխեց: Հիմա իշխանությունն ուզում է, որ առհասարակ դրա մասին չխոսվի, որևէ քննարկում չլինի: Եթե նման օրենք տանք ուժային կառույցներին, այնտեղ բավականին շատ կամայական գործող անձնավորություններ կան, որոնք ուղղակի փոքր նույնիսկ վերլուծությունը, թե ինչու տեղի ունեցավ այս բանը, կարող են դիտել ու գնահատել որպես քարոզ ու արդարացում այս ամենին: Տրամաբանությունը տանում է նրան, որ միգուցե իմաստ ունի քրեական պատասխանատվություն նախատեսել այն քաղաքական և պետական գործիչներին, որոնք հող են նախապատրաստել նման ահաբեկչության»:

Աշոտ Մելիքյանը մտահոգություն ունի, որ եթե այս օրինագիծը դառնա օրենք, ինչ-որ մի արտակարգ իրադարձություն եթե կրկնվի, այնտեղ հանրությունը հավաքվի և ասի, որ սրանք ճիշտ են անում, քանի որ իշխանությունները տեղ ու դադար չեն թողել, կարող են ամբողջ այդ մարդկանց տանել նստեցնել՝ հղում կատարելով, թե օրենքը նման բան է ասում:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ այս օրենքն ունի պատժողական բնույթ. «Մեզ մոտ իշխանությունները մտահոգված են՝ այն գործողությունները, որոնք իրենք կարող են ենթադրաբար գնահատել ահաբեկչություն, կարող են շարունակվել և ունենալ հանրային աջակցություն: Ուստի փորձում են նման քրեական մեթոդներով զսպել: Ահաբեկչության անվան տակ հետապնդում են սկսելու իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ, որոնք կարող են քննադատել իշխանությունների գործողությունները»:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին և դրանց որակմանը՝ պարոն Սաքունցը հիշեցրեց. «Սասնա ծռեր» զինված խմբի ապստամբության փորձը նույնիսկ ՀՀ իրավապահ մարմինները չեն որակել որպես ահաբեկչություն: Բայց դիտարկենք փոփոխությունները նաև տեքստի տեսանկյունից: Այն տեքստը, որ դրված է այս օրենքում, նույնությամբ կարող է ներգրավվել Հյուսիսային Կորեայի, Ֆրանսիայի, Կուբայի օրենսգրքերում: Բուն խնդիրը սա է: Եթե ունենք մի այնպիսի առաջարկ, որը կիրառելի է և′ ժողովրդավարական, և′ ոչ ժողովրդավարական պետություններում, ուրեմն այդ տեքստի հետ ինչ- որ բան այն չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728