Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի գիշերվա մեջ իմ մազերը սպիտակել են, դուք հասկանո՞ւմ եք, ես իմ որդուն չեմ ճանաչել». Սամվել Հարությունյանի հայրը՝ դատախազությանը

Փետրվար 23,2018 15:47

Այսօր ԱԺ-ում «Ելք» դաշինքի հրավիրած Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին Մարգարիտ Եսայանը հարցրեց՝ Մարտի 1-ի դեպքերից հետո համացանցում տարածվեց մի տեսանյութ, որ Սամվել Հարությունյանը գնդակահարվել է, կհերքե՞ք, կամ կհաստատե՞ք դա: Բիշարյանը պատասխանեց, որ նրա հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ քննության մարմինը տվյալի չի տիրապետում, բժշկական փորձաքննություն կա բութ, կոշտ առարկաների վերաբերյալ:

Լսումներին մասնակցում էր նաեւ Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը: Նա ասաց, որ իր որդու գնդակահարված լինելը փաստ է. «Ամսի 2-ին ես իմ որդուն տեսնում եմ ձերբակալվածների մեջ, 15 հոգու անուն-ազգանուններ են կարդացվում, բացի մեկից, որի հայրանունն էլ է ասվում, նրանց մեջ կա Սամվել Հարությունյանը: Ամսի 2-ին ես տեսնում եմ նրան ձերբակալվածների մեջ եւ դեսպանատան ցանկապատին շշեր են դրված եւ կան 6 հոգի, 5-րդը իմ որդին է, ես այդ 20 վայրկյանը որեւիցե տեղ չեմ կարողանում հայտնաբերել, որ ես ամսի 2-ին տեսել եմ իրեն: Իսկ ՀՔԾ-ն միշտ ուզեցել է բացատրել, որ ինքը բութ գործիքով է…եթե բութ գործիքով է, բա այստեղի անցքը որտեղի՞ց էր գոյացել, եթե գնդակահարված չի եղել: Երբ փաստահավաք խումբը պիտի անցներ Սամվել Հարությունյանի գործին, տեսներ՝ գնդակահարված է, թե ոչ՝ լուծարվեց: Դուք գիտե՞ք արդյոք, թե 41 օր հետո ինչի համար կամ ո՞նց մահացավ իմ որդին, նախաքննությունը չի էլ հետաքրքրվել, չի էլ պարզել, իսկ ես դրա լրիվ ճիշտը գիտեմ…Հիվանդանոցում իմ տղային մոր աչքի առաջ տարան, հետ բերեցին արդեն կիսամեռ վիճակում»:

Կարեն Բիշարյանը պատասխանեց, որ եթե ճիշտը գիտի, ունի տեղեկություններ, թող հայտնի նախաքննական մարմնին: Կարեն Բիշարյանը տեղյակ էր, որ Էդիկ Հարությունյանը նաեւ լուսանկար է ներկայացրել, որտեղ՝ ցանկապատի մոտ ենթադրում է իր որդին է, սակայն փորձաքննությամբ պարզվել է, որ այն անձի պատկերը, որ հայրը ընդունում է՝ որպես իր որդին, իրականում այլ անձ է, իր որդին չէ:

Հայրը պատասխանեց, որ ինքը անձամբ տեսանյութ է տեսել. «Ինձնից լավ իմ որդուն ոչ ոք չէր ճանաչի բնականաբար, մենք դա տեսել եք ամսի 2-ին, ամսի 4-ին տեսել եմ նրան հիվանդանոցում ու մի գիշերվա մեջ իմ մազերը սպիտակել են, դուք հասկանո՞ւմ եք, ես իմ որդուն չեմ ճանաչել»:

Փաշինյանը ճշտեց՝ այդ տեսանյութը որտե՞ղ են տեսել: Հարությունյանը պատասխանեց, որ հեռուստատեսությամբ ցույց են տվել, բայց մարտի 3-ից հետո այդ տեսանյութի 20 վայրկյանը հանվել է, գոյություն չունի:

Դահլիճում պարզաբանվեց, որ ամսի 1-ին, ժամը 10-ին, Սամվել Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց վիրավորված, ինչպե՞ս կարող էին ամսի 2-ին նրան ձերբակալած լինեին:

Էդիկ Հարությունյանը պնդեց. «Տեսանյութ կա, Սամվել Հարությունյանը 21:48 րոպեին գտնվել է կոնկրետ տարածքում, չէր կարող վիրավոր մարդուն հասցնեին 3-րդ հիվանդանոց՝ 10 րոպեում: Կան կադրեր, որոնք ֆիքսել են, որ 21:48 րոպեին, վայրկյաններով դաժե կա, նկարահանվել է»:

Բիշարյանը հորդորեց այդ կադրերը ներկայացնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728