Առաջիկայում հանրապետության 20 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որին մասնակցելու են ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցություններն՝ իրենց թեկնածուներով:
Aravot.am-ն այսօր տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց՝ արդեն որոշե՞լ են, թե որ համայնքում եւ ընդհանրապես քանի թեկնածու կունենա Դաշնակցությունը, եւ արդյոք դաշնակցական հենց տվյալ ոլորտի նախարար լինելու գործոնը կնպաստի դաշնակցական թեկնածուների հաղթանակին: «Մարտին մենք ունենք 20 համայնքում ընտրություն, որոնց մի մասում ավագանու ընտրություններ են, մի մասում՝ համայնքների ղեկավարի։ Այն համայնքները, որտեղ ՀՅԴ-ն ունի թեկնածուներ՝ պայքարելու է համայնքի ղեկավար դառնալու համար: Մենք ունենալու ենք մեր առանձին թեկնածուները եւ պայքարելու ենք, որպեսզի այդ թեկնածուները հաղթեն ընտրություններում։ Որտեղ չունենք, բնականաբար, մենք այս կամ այն ձեւով այդ ընտրություններին մասնակցում ենք»,պատասխանեց Լոքյանը, հավելելով՝ սա իրենց համար կարեւոր խնդիր է, բայց հստակություն դեռեւս չկա այդ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ»։
Ինչ վերաբերում է նախարարի գործոնին՝ հաղթելուն նպաստելու առումով, Լոքյանն այսպես պատասխանեց. «Բոլոր ազդեցությունները, վերջին հաշվով, դառնում են գործոն: Բայց մենք մեր նախարարությունում մեկ ընդհանուր սկզբունք ենք որդեգրել՝ նախարարությունը կազմակերպում է, մասնակցում է ընտրական պրոցեսի նախապատրաստական աշխատանքներին, բայց բուն ընտրություններին նախարարությունը որեւէ մասնակցություն չի ցուցաբերում։ Չի եղել որեւէ դեպք, որ մատնանշվի մեր նախարարության ուղղակի միջամտություն պրոցեսներին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ