Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բացա՜րկ-բացա՜րկ». թեժ մթնոլորտ՝ Սեֆիլյանի գործով դատական նիստում

Փետրվար 23,2018 15:38

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալների շահերի պաշտպաններից Տիգրան Եգորյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին միջնորդեց հնարավորություն տալ Ժիրայր Սեֆիլյանին ցուցմունք տալու: Դատարանը միջնորդությունը մերժեց՝ հիշեցնելով, որ Սեֆիլյանը պատշաճ չի օգտվել իր իրավունքներից եւ ժամանակին հրաժարվել է ցուցմունք տալուց:

Սա պատճառ հանդիսացավ, որ Եգորյանը դատավորի դեմ ինքնաբացարկի միջնորդություն հայտնի: «Ձեր կողմից դատավարության մասնակիցների նկատմամբ կիրառված պատժիչ գործողությունները ցույց են տալիս, որ դուք նվազագույն պատկերացում եւ ընկալում չունեք արդարադատություն իրականացնող դատավորի իրական առաքելության մասին»,-դիմելով դատավորին՝ ասաց Տիգրան Եգորյանը: Ապա նա նշեց, որ այդ դատավարության ընթացքում դատավորն իր գործողություններով եւ որոշումներով «թեթեւամիտ վերաբերմունք» է դրսեւորել: Տաթեւիկ Գրիգորյանը նրան հորդորեց հարգալից վերաբերմունք դրսեւորել. «Դուք չէ, որ պետք է գնահատական տաք դատավորի անձի եւ մասնագիտական հմտությունների վերաբերյալ»:

Տեւական ժամանակ Տիգրան Եգորյանը որակումներ էր հնչեցնում դատավորի վերաբերյալ: Դահլիճում մթնոլորտը թեժ էր: Քաղաքացիները վանկարկում էին՝ «բացարկ-բացարկ»: Չնայած դատավորի նախազգուշացումներին՝ նրա հասցեին վանկարկումները ու պիտակավորումները չէին դադարում հնչել: Նիստն ընդմիջվել է:

Հիշեցնենք, որ մեղադրական ճառում դատախազը միջնորդել է 11 տարով ազատազրկել Ժիրայր Սեֆիլյանին: «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728