Փետրվարի 23-ին կայացած ասուլիսում լրագրողները ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեցին` ինչ կարծիքի է բնական հուշարձան համարվող «Բազալտե երգեհոնի»՝ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարության վերաբերյալ, որն այս պահին դադարեցված է:
«Մենք իրավական որեւէ առնչություն չունենք այդ կառույցի թույլտվության հետ, որովհետեւ դա բնական հուշարձան է, բայց որպես քաղաքացի մեր անհանգստությունն ենք հայտնում`նման բան չի կարելի անել: Ես կարծում եմ, որ պատկան մարմինները, համայնքի ղեկավարությունը եւ նրանք, ովքեր պատասխանատու են, ժամանակին արդեն արձագանքել են եւ լուծում կտան այդ հարցին»,-ասաց նախարարը:
Ի դեպ, Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի ղեկավար Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Գառնի համայնքի համայնքապետի փոխանցմամբ՝ «Քարերի սիմֆոնիայի» հարակից տարածքում ձեռնարկված փայտե կոնստրուկցիայի կառուցման գործն ընդունվել է վարչական վարույթ, իսկ փետրվարի 28-ին առաջին լսումներն են՝ Գառնու համայնքապետարանում: Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան էլ ներկայացուցչական մասնակցություն կիրականացնի լսումների ընթացքում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ