Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին այսօր ԱԺ-ում «Ելք» դաշինքի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ Առաքել Սեմիրջյանը հարցրեց՝ Մարտի 1-ի հետ կապված ընդդիմության որեւէ զինված ներկայացուցիչ, զինված ցուցարար հայտնաբերվե՞լ է, թե՞ ոչ: Նա նաեւ հարցրեց՝ զոհերից մեկի մոտ զենք եղե՞լ է, թե՞ ոչ, եթե դիպուկահարներ են եղել, նրանց առաջին խնդիրն էր զինված մարդու մեկուսացնել, եթե զոհերի մոտ զենք չի եղել, ի՞նչ են արել դիպուկահարները:
Կարեն Բիշարյանը պատասխանեց, որ մեկ անձի կողմից ինքնաձիգ գործադրելու ապացուցված փաստ ունեն եւ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Ինչ վերաբերում է դիպուկահարներին, նա ասաց, որ գործը քննության փուլում է գտնվում եւ սա առաջին դեպքն է, որ ԱԺ-ում նախաքննության տվյալները քննության առարկա են դառնում, ուստի որոշ հանգամանքներ հրապարակելուց ինքը զերծ կմնա: Հարցին՝ զոհերից որեւէ մեկը զինվա՞ծ է եղել՝ Բիշարյանն այդպես էլ չպատասխանեց՝ համարելով դա նախաքննական գաղտնիք: Փաշինյանը արձագանքեց, թե պարզ ու ակնհայտ բաներ են դրանք, ինչո՞ւ չի ուզում ասել, պարզ է, որ զոհերից որեւէ մեկը զինված չի եղել:
Ըստ Բիշարյանի, քննությունը ի սկզբանե առավելագույնս արագ է իրականացվել, բայց այն չի ավարտվել, դեռ ապացույցներ են հավաքում, ուստի նախաքննության շահերից ելնելով՝ որոշ տվյալներ չեն հրապարակում:
Սեմիրջյանը նաեւ հարցրեց՝ 5000 մարդ ցուցմունք է տվել, որեւէ արժեքավոր վկայություն չի՞ եղել, ոստիկաննե՞րն էլ չեն կարողացել որեւէ արժեքավոր վկայություն տալ: Կարեն Բիշարյանը պատասխանեց, որ «Բնականաբար, հարց է առաջանում, որ 5000 վկա ցուցմունք է տվել, արժեքավոր բան չի պարզվել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է չշարունակենք պարզել, քննություն իրականացնել, միջոցներ ձեռնարկել, որ նոր վկաներ հայտնաբերենք կամ պարզենք՝ կա՞ն վկաներ, որ ինչ-ինչ պատճառներով դեպքի իրական հանգամանքների հետ կապված տեղեկություններ չեն հայտնում»:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրեց՝ նախաքննական մարմինը օգտագործե՞լ է փաստահավաք խմբի հավաքած տեղեկությունները: Կարեն Բիշարյանը պատասխանեց, որ խմբի եզրակացությունները իրենցից ներկայացրել են երկու անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ վարկած: Գնահատականներ են եղել, իրականում դրանից առավել տեղեկատվություն քննության մարմնին չի փոխանցվել: Այդ վարկածներն էլ ստուգվել են՝ չեն հաստատվել:
Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը խոսել էր 0038 գաղտնի հրամանի մասին, որը, ըստ նրա, հաստատված տեղեկություն է եւ չի հերքվել: Կարեն Բիշարյանն ասաց, թե գործում այդ հրամանի առկայությունը հաստատող որեւէ տեղեկություն չկա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ