Փետրվարի 23-ին ՀՀ մշակույթի նախարարությունում նախարար Արմեն Ամիրյանը, նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը խոսեցին պետական բյուջեի միջոցներով 2018թ. հուշարձանների ուսումնասիրման (այդ թվում՝ պեղումների) նախագծման և վերականգնողական աշխատանքի մրցույթներից։
Նախարարը նշեց, որ այս տարվա մրցույթներում պայման է նախատեսված շինարարների համար` առնվազն երեք առցանց տեսախցիկներ պետք է տեղադրվեն, եւ մշակույթի նախարարության կայքէջի միջոցով հնարավոր կլինի 24 ժամ հետեւել շինարարության ընթացքին:
Մանրամասները` տեսանյութում:
Խոսելով թերացած շինարարների մասին, Արմեն Ամիրյանը հավելեց. «Նրանք, ովքեր թերացել էին իրենց աշխատանքում, մինչեւ մայիս կշտկեն թերացումները, այնուհետեւ կապահովեն այս տարվա ծավալը»:
Մանրամասները` տեսանյութում:
Արեւ Սամուելյանը նշեց, որ այս տարի 3 հուշարձանի համար է մրցույթ հայտարարված. «Դրանք են Ամբերդ ամրոցը: Նախորդ տարի Ամբերդը կառավարության կողմից հայտարարվեց արգելոց եւ այնտեղ անցյալ տարվանից խոշորածավալ աշխատանքներ են սկսվել: Այս տարի նույնպես շարունակվում են նախագծային եւ պեղման աշխատանքները:
Հաջորդը Լոռի բերդն է, որը ավելի վաղուց է արգելոց-թանգարան հայտարարված, 2009-ից սկսվել էին տարբեր աշխատանքներ: Այն շատ լուրջ եւ մեծ ամրաշինական կառույց է, բավականաչափ աշխատանքներ կան, շարունակվում են նաեւ պարսպի ամրակայման աշխատանքները: Կոնկրետ այս տարի դրանք վերաբերվելու են բաղնիքին: Նմանատիպ կառույց՝ միջնադարյան բաղնիք, մենք երբեւէ չենք վերականգնել, կարծում եմ, որ շատ հետաքրքիր փորձ կլինի մասնագետների համար… Երրորդը միջնադարյան` 13-րդ դարի եկեղեցի է, խոսքը Նուռնուսի եկեղեցու մասին է»:
Անդրադարձ եղավ Դվինին, Արտաշատ քաղաքատեղիին, վարչապետի ուշադրության ներքո գտնվող Սանահինին, Սոլակի Մայրավանքին, Սյունիքի մարզի Սուրբ Գեւորգ եկեղեցուն եւ այլ հուշարձանների: Նշվեց, որ Արտաշատում բացվել է արտառոց նշանակությամբ խճանկարը, եւ ընթանում են դրա վերականգնման աշխատանքները, որից հետո խճանկարին հնարավոր կլինի ծանոթանալ պատմության թանգարանում: Արմեն Ամիրյանը նշեց, որ մոտ 10 մլն դրամի չափով գումար է առանձնացված, որը նախատեսված է հրատապ միջամտությունների համար:
Ինչ վերաբերում է խախտումներ թույլ տված շինարարական կազմակերպություններին, մշակույթի նախարարն ասաց, որ գումարը կազմում է 65 մլն դրամ: Նա հավելեց, որ գործն արդեն ուղարկվել է դատախազություն. «Իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով: Ես կարծում եմ, որ այդ կազմակերպությունները պետք է պատասխան տան: Նրանք կհայտնվեն մեզ համար ոչ ցանկալիների ցուցակում եւ չեմ կարծում, որ դրանից հետո նրանք կկարողանան մասնակցել մեր մրցույթներին»:
Նախարարը մեկ առ մեկ թվարկեց խախտում թույլ տված կազմակերպությունների անունները: Նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանն էլ հավելեց. «Քանի որ դեռեւս գործն ընթանում է, վերջնական արդյունքները չկան, մենք չենք կարող այս ամենը մեղադրական տոնով ասել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ