Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու, փաստահավաք առաքելություն իրականացնելու համար ստեղծված փորձագետների փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում «Ելք» դաշինքի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի խոսքերին, որ ինքը գլխավոր դատախազ է նշանակվել Մարտի 1-ի դեպքերից 5 տարի հետո, արդեն դժվար էր աշխատել, մարդիկ բացակա էին:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ դա չի նշանակում, որ 5 տարի չարված աշխատանքը չպետք է արժանանար գնահատականի:
Նա ներկայացրեց, թե ինչպես ստեղծվեց փաստահավաք խումբը, ասաց, որ խումբն ուներ միջազգային մանդատ, կաշկանդված չէր հրավիրելու որեւէ պաշտոնյայի, 1643 բանաձեւը ողջունում էր ընդդիմության մասնակցությունը, կոչ էր անում բոլոր քաղաքական ուժերին այդ փաստահավաք խմբի աշխատանքներին չմիջամտել, ինֆորմացիաները ամբողջական տրամադրել՝ բոլոր պետական մարմինների կողմից անխտիր:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ փաստահավաք խմբի իշխանությունը ներկայացնող անդամները՝ Ռոբերտ Ավագյանը, որ հիմա մահացած է արդեն, Գեւորգ Թովմասյանը, անհետացան փաստահավաք խմբի տարածքից, եւ այլեւս չվերադարձան՝ հիմնավորելով, որ իրենք գնում են արձակուրդ, չնայած նախագահի կարգադրությամբ այդպիսի արձակուրդ նախատեսված չէր. «Մենք պետք է աշխատեինք այնքան ժամանակ, քանի դեռ ունեինք զեկույցներ պատրաստելու եւ պարոն Նիկոյանի հանձնաժողովին ներկայացնելու համար: Բայց որպեսզի պատկերը հստակ լինի, ինչումն էր պատճառը, եթե հիշում ես, Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքները ի սկզբանե երբ ներկայացվում էր, հանրությանը մի այնպիսի իրավիճակ էր նկարագրվում, երբ դրանից հետո Համլետ Թադեւոսյանին առնվազն պետք է շնորհեին Ազգային հերոսի կոչում: Բայց երբ փաստահավաք խումբն ուսումնասիրեց նրա մահվան հանգամանքները, պարզվեց, որ պայթյունի առկայությունը, որը ներկայացվում էր որպես F1 նռնակի պայթյուն՝ ցուցարարների կողմից, ուղղակի անհիմն է, այդպիսի ապացույցներ չկային: Եթե F1 նռնակ նետած լինեին, պատկերացրեք զոհերի քանակն ինչքան կլիներ: Ոչ մի բեկոր նրա մարմնի մեջ այդ նռնակի չհայտնաբերվեց, մենք պետք է հասկանայինք՝ ինչ է տեղի ունեցել: Հրավիրեցինք հրամկազմը, պարզում էինք, թե ինչ սպառազինությամբ են զինված եղել տվյալ զորամասի անձնակազմը: Մեզ համար շատ կասկածելի էր, թե ինչու են բոլոր զինվորները վիրավորումը ստացել ոտքի հատվածում՝ հետեւի կողմից: Տպավորություն էր, որ զինվորները մեջքով են կանգնած եղել ցուցարարներին»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Մարտի 1-ը բացահայտելը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Նա Տիգրան Աբգարյանի սպանության հետ կապված տեղեկությունները ներկայացրեց: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իրենք տեղեկատվություն ունեին, որ դիպուկահարները 1-2-ը չեն եղել Մարտի 1-ին, նրանք տեղակայված են եղել նախկին Ձկան խանութի շենքի վերեւի տարածքում:
Նա ասաց, որ չնայած դեռ չկար նախագահի կողմից հրամանագիրը փաստահավաք խմբի աշխատանքների կասեցման մասին, բայց երբ իշխանության ներկայացուցիչ անդամները լքել են փաստահավաք խումբը, գնացել են արձակուրդ, իրենց՝ Սեդա Սաֆարյանի հետ միասին այլեւս ԱԺ անվտանգության աշխատողները թույլ չեն տվել մտնել ԱԺ տարածք եւ աշխատել: Այնուամենայնիվ, իրենք աշխատել են՝ մինչեւ կարգադրությունը: Դրանից հետո եւս 4 զեկույց է հրապարակվել:
Անդրանիկ Քոչարյանը ՀՀ գլխավոր դատախազի եւ զինդատախազի ուշադրությունը հրավիրեց իրենց ամենակարեւոր զեկույցի վրա՝ ասելով. «Դա ընդունեն որպես նոր իրողություն, մոռացված 008 հրամանը բարձրացնեն եւ հասկանան 2008-ի փետրվարի 23-ին տրված հրամանը պարտադրած եւ իրականացրած է հակասահմանադրական: Միքայել Հարությունյանը պետք է կանչվի եւ հարցաքննվի: Փաստահավաք խումբը նրան կանչեց եւ հարցաքննեց, Միքայել Հարությունյանը տվեց շատ լավ բացատրություններ՝ ձայնագրությունները կան, թող բարձրացնեն, նայեն: Միքայել Հարությունյանն ընդունեց, որ բանակը չի մասնակցել, բանակի տրանսպորտային միջոցներն են մասնակցել, բայց երբ մենք ապացուցեցինք, որ բանակի տրանսպորտային միջոցների մեջ չկան ոստիկանության զորքերի զինվորներ, այլ կան բանակի ԱԻՆ ստորաբաժանումների զինվորներ, այդտեղ խնդիրը մնաց առկախ վիճակում, եւ, կարծում եմ, սա է լինելու այն հիմնական մեխը նախաքննական մարմնի համար, որպեսզի բացահայտեն՝ ի՞նչն է պատճառը, որ ԶՈՒ-ն չունենալով ՀՀ ներսում որեւէ թշնամի, այնուամենայնիվ, բերվեցին ՀՀ սահմանից ներս»: Անդրանիկ Քոչարյանը հորդորեց, որ իրենց այդ վերջին զեկույցը կարդան, այն լավ հիմք է՝ ուժային ամբողջ խճանկարը բացահայտելու համար:
Քոչարյանն ասաց, որ արդեն 10 տարի է՝ դատախազության նույն զեկույցն են լսում ու լավ կլինի, որ գոնե 11-րդ տարում մի բացահայտում գոնե ունենան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ