Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զոհվածի ծնողը պետք է գոնե զգա, որ իր որդին անիմաստ չի զոհել իր երիտասարդ կյանքը». Տիգրան Պողոսյանի մայր

Փետրվար 23,2018 13:47

Սիսիանի ջոկատի ազատամարտիկ, «Առաջին գունդ» ՀԿ մայոր Մայիս Ազնավուրյանը վստահեցրեց՝ թե՛ 30 տարի առաջ, թե՛ այսօր մեր սահմանն անխոցելի է:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ազնավուրյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, նշեց. «Ալիևը, հոգեկան խանգարումներից ելնելով, ասում է՝ Երևանը մերն է Արցախը մերն է: Պետք է զգույշ լինել, քանի որ չի բացառվում, որ շուտով արվի այն, ինչ թերի է մնացել: Խորհրդային բանակից կա մի բան Ալիևի մոտ՝ իր լեզուն: Ալիևին ինչ-որ մեկը հրահրում է նման հայտարարություններ անել: Ուստի կարելի է բոլորին զգուշացնել ու հիշեցնել՝ անխնա ենք լինելու, մինչև Բաքու կարելի է հասնել և Ալիևին պատժել ահավոր ձևով»:

Մայիս Ազնավուրյանը հայտնեց, որ ՀՀ զինված ուժերը սպասում են: Ըստ նրա՝ կարելի է մի արժանի պատիժ տալ Ադրբեջանին գյուղի մասշտաբով, որ այդ երկիրը զգա՝ հայը կանգնած է դիրքում, հայ դիրքապահը երբեք մի մետր անգամ մեջքը ցույց չի տալիս:

Պարոն Ազնավուրյանը մտահոգություն հայտնեց՝ զոհվածների ընտանիքներին անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում: Նա պատմեց՝ մի շարք ծնողներ իրեն խնդրել են, որ գոնե համազգեստով մարդ իրենց դուռը բացի, որ հարևաններն իմանան զոհվածի տուն է:

«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը, խոսելով վերջերս Արցախ այցելությունից՝ Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ, հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրվա հիշատակին նվիրված միջոցառումից, Ազատամարտի, ապրիլյան պատերազմում զոհված տղաների և փոխգնդապետ Արամ Առուշանյանի հիշատակին նվիրված ֆիլմի շնորհանդեսից, փոխգնդապետ Արամ Առուշանյանին հետմահու և նրա կնոջը պարգևատրելու արարողությունից, ասաց. «Զգացի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանինը: Երբ այնտեղից հետ ես գալիս, այն նորից քեզ կանչում է, քանի որ Արցախում այնքան արյուն ունենք թափած: Կոչ եմ անում մեր դրսի հայրենակիցներին բնակեցնել Արցախի այն հողերը, որոնք պաշտպանում են մեր դիրքապահները»:

2016թ. ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված հրամանատար, ավագ լեյտենանտ, Հոռոմ գյուղից՝ Տիգրան Պողոսյանի մայրը՝ Սիլվա Մանասյանը, հուզվելով նշեց, թե իր համար իր որդին դեռ Արցախում է. «Մեզ համար մեր որդիները դեռ Արցախում են, ուստի միշտ պարտավորեցնում են, որ տարին գոնե մեկ անգամ Արցախ այցելենք: Արցախն ինչքան շատ ցավ պատճառեց մեզ, տասն անգամ ավելի սրբավայր է դարձել մեզ համար: Իմ պարտքն էի համարում, որ իմ որդու դիրքում նրա ծնունդը նշեմ: Դիրքի տղերքը զարմացել էին: Մեր որդիները պատրաստ են մեր հայրենիքը պաշտպանելու, բայց նրանք պետական այրերի կողմից պետք է ավելի շատ պաշտպանված լինեն: Այդ պաշտպանվածությունը նրանք չեն զգում: Ինչո՞ւ զոհվածի ծնողը պետք է փաստաթղթեր հայթայթի, որ իր որդու իրավունքները պաշտպանված լինեն: Գոնե ծնողը պետք է զգա, որ իր որդին անիմաստ չի զոհել իր երիտասարդ կյանքը»:

Լրագրող, սցենարիստ-բեմադրիչ Հռիփսիմե Բասենցյանն էլ տեղեկացրեց, որ Ազատամարտի, ապրիլյան պատերազմում զոհված տղաների և փոխգնդապետ Արամ Առուշանյանի հիշատակին նվիրված ֆիլմը ստեղծվել է ընկերների և բարերարների աջակցությամբ: Հարցին՝ պետական մարմինները չե՞ն աջակցել, նա պատասխանեց, որ այս անգամ չի դիմել նրանց, քանի որ նախորդ անգամները, երբ դիմել է, անգամ չեն էլ պատասխանել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728